ՀԳՄ-ում տեղի ունեցավ ամենամյա մրցանակների հանձնման արարողությունը

Այսօր Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ ՀԳՄ ամենամյա և «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» հիմնադրամի կողմից սահմանված մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Լրագրողների հետ զրույցում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ցանկություն հայտնեց, որ նորանոր բարերարներ ի հայտ գան․ - «Հովանավորելու մեր գրողներին, մեր գրքերը տպագրելուն աջակցեն, որովհետև այսօր մենք նման դժվարությունների առջև կանգնած ենք: Ժամանակակից գրողը իր տարածվածությամբ երբեք չի մրցի դասական գրողների հետ: Ապրող գրողին պիտի կարողանանք մենք աջակցել: Ինչպես ասում են՝ տեր կանգնենք, որպեսզի հետո այդ գրականությունը մեզ տեր կանգնի»:

Մրցանակաբախշության մեկնարկին դիմելով իր գործընկերներին՝ ԳՄ նախագահը հիմնավորեց գրական մրցանակաբախշության անհրաժեշտությունը․ - «Ժամանակակից գրականության մասին բազմաթիվ թյուր կարծիքներ են շրջանառվում մամուլում, այլուր, թե՝ գրող չունենք, ո՞ւր են մեր թումանյանները, ո՞ւր են մեր նարեկացիները․․․ Այսպիսի պարզունակ հայտարարությունները ոչ թե գրականության շահից են ելնում, այլ ընդհակառակը՝ իբրև թե ցույց տալու իրենց գրական ճաշակը, իրենց բարձր մտածողությունը: Այնինչ դրա մեջ սնանկություն եմ ես տեսնում․ չճանաչել կողքը ապրող գրողին, չկարդալ, և մեծ-մեծ կարծիքներ հայտնել, հատկապես բացասական»:

ԳՄ ամենամյա մրցանակաբախշության անվանակարգերը մեր մեծ գրողների անունն են կրում: Այսօր առաջինը՝ Հովհաննես Թումանյանի անվան մրցանակը հանձնվեց գրող, գրականագետ Նորայր Ադալյանին: Էդվարդ Միլիտոնյանը շեշտեց, որ սա առանձնահատուկ մրցանակ է և տրվում է գրականության մեջ մեծ վաստակ ունեցող գրողի:

Նորայր Ադալյանը մրցանակը ստանալուց հետո ասաց․ - «Կան հիանալի գրողներ, նույնիսկ մեծ գրողներ, որոնք գրականության շրջանակի մեջ են, և կան գրողներ, նրանք շատ քիչ են, որոնք վերգրական երևույթ են: Հովհաննես Թումանյանը վերգրական երևույթ է, նրանից առաջ՝ Աբովյանը, այնուհետև՝ Րաֆֆին: Հովհաննես Թումանյանը ազգ է, պետություն է և հայրենիք: Ինձ համար ոչ միայն ուրախալի է, այլև հուզիչ է արժանանալու այս մրցանակին»:

Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի արժանացավ Ռոլանդ Շառոյանը: Ավետիք Իսահակյանի անվան մրցանակը պոեզիայի անվանակարգում ստացավ Սամվել Կոսյանը: Միքայել Նալբանդյանի անվան մրցանակը հրապարակախոսության բնագավառում հանձնվեց Տիգրան Նիկողոսյանին և Գրիգոր Ջանիկյանին: Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակը գրականագիտության ասպարեզում ստացավ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի Հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը՝ Հովհաննես Շիրազին նվիրված մենագրության համար: Մրցանակների արժանացան նաև արձակագիրներ Ալիս Հովհաննիսյանը, Դիանա Համբարձումյանը, Արևշատ Ավագյանը, Սուրեն Մուրադյանը, Թորոս Թորանյանը և այլք:

Այս տարի կար նոր մրցանակը՝ Հովհաննես Խան-Մասեհյանի անվան մրցանակը թարգմանության ասպարեզում, որին արժանացավ Արամ Արսենյանը:

«Ես շատ ուրախ եմ և հպարտ եմ, որ թիվ մեկ մրցանակը, այն էլ՝ Հովհաննես Մասեհյանի անվան, բաժին է հասել ինձ: Մրցանակը ստացել եմ Ջոն Ստայնբեքի «Ցասման ողկույզները» վեպի թարգմանության համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արսենյանը: