Գործով անցնող մյուս մեղադրյալների փաստաբանների պահանջը՝ արգելել տեսանկարահանումը, դատարանը բավարարվեց:
Հաշմանդամության խումբ տրամադրող գործակալության նախկին ղեկավարն անազատության մեջ է ավելի քան 13 ամիս: Այս գործով 12 մեղադրյալներից միայն 2-ն են կալանքի տակ:
Սողոյանի փաստաբան Հայկ Ալումյանն իր վստահորդի խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացրեց դատարան՝ ընդգծելով, թե նա չորս անչափահաս երեխաների հայր է, նրա համար երաշխավորագիր են ներկայացրել բժշկական ոլորտի հայտնի մասնագետներ, որ ազատության մեջ մնալով չի խոչընդոտի դատաքննության ընթացքին․ - «Նման պայմաններում, եթե նույնիսկ գործի քննության սկզբնական փուլում դատարանները մտավախություն ունեին, որ ամբաստանյալ Սողոյանը կարող է խոչընդոտել քննությունը, ապա ներկայում այդպիսի մտավախությունը չունի առհասարակ որևէ հիմք»:
Թեև մյուս ամբաստանյալներից առնվազն 5-ի փաստաբանները միացան Ալումյանի միջնորդությանն ու ասացին, որ այն ենթակա է բավարարման, մեղադրող դատախազը պնդեց, որ ազատության մեջ մնալով, Սողոյանը կարող է խոչընդոտել գործի ընթացքին: Դատախազը հայտարարեց, որ «Արմեն Սողոյանը կատարել է պետության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործություն» և «մեծ է հավանականությունը», որ ազատության մեջ գտնվելով նա «կխոչընդոտի քրեական գործի բնականոն ընթացքին»:
Շուրջ մեկ ժամ մնալով խորհրդակցական սենյակում՝ դատավորը վերադարձավ ու հայտարարեց, որ միջնորդությունը մերժվում է, և Արմեն Սողոյանը կշարունակի մնալ անազատության մեջ:
ողոյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետի պաշտոնը, իր աշխատասենյակում ընդունել է գործակալության հանձնաժողովների նախագահներին ու նրանցից ստացել է առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր առմամբ 1 միլիոն 528 հազար 600 դրամին համարժեք կաշառք: Նրան սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում:
Այս գործով անցնող Սոցապնախարարության բարձրաստիճան 12 աշխատակիցների մի մասն աշխատանքից ազատվել է, մի քանիսն էլ այս պահին աշխատում են Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում, թեև ունեն մեղադրյալի կարգավիճակ: