Զարուհի Փոստանջյան․ Սա հանցագործություն է

Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող այգում հանգստյան օրերին ծառեր են հատվել:

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ահազանգում է՝ այգու բարեկարգման փոխարեն շինարարական այլ աշխատանքներ են տեղի ունենում․ - «Սա էլ բարեկարգվող տարածքն է․․․ Տեսնում ենք, որ այստեղ ծառեր են եղել, և արդեն արմատով հանել են ծառերը: Հիմա փոսեր են․․․ Ակնհայտ է, որ այստեղ պատրաստվում են ինչ-որ այլ շինարարություն իրականացնել: Սա բարեկարգում չի կարող լինել, սա հանցագործություն է: Ոչ մի բան չեն բարեկարգում, ընդհակառակը՝ փչացնում են»:

Դեկտեմբերի 26-ի նիստում Երևանի ավագանին քննարկել և հավանություն է տվել Երևան քաղաքի Ա. Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գ. Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին Երևանի 2800-ամյակին ընդառաջ բարեկարգելու՝ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի առաջարկին:

Փոստանջյանն ասում է, որ իրենց սխալ որոշում են կայացրել՝ կողմ քվեարկելով այդ ծրագրին․ - «Մտածելով, որ իրոք նվեր է լինելու Երևանին և բարեգործություն է: Բայց երբեք չպետք է հավատանք որևէ նախաձեռնության, որովհետև յուրաքանչյուր նախաձեռնության տակ տեսեք ինչ է թաքնված: Այսիքն՝ կոտրել, ջարդել, փչացնել: Իրենց պատկերն է, իրենց ձեռագիրն է: Վաղը կբերեն, կասեն՝ այստեղ կարելի է նաև այսպիսի ծառայություններ կազմակերպել, գործունեություն ծավալել»:

Շինարարական աշխատանքներ իրականացնող ընկերության պատասխանատուն «Ազատությանը» հավաստիացրեց, թե հատված ծառերի փոխարեն շուրջ 150 ծառ է տնկվելու: Նա բացառեց, թե նախատեսվում է տարածքում առևտրային գործունեություն իրականացնել:

Երևանի քաղաքապետարանի տարածած հայտարարությունում ասվում է, որ մասնագիտական համապատասխան եզրակացության հիման վրա հատվել են «չոր և ծերացած ծառեր»: Միևնույն ժամանակ տեղեկացնում են, որ բարեկարգման աշխատանքների շրջանակում նախատեսված է այգին համալրել քառապատիկ ավելի նոր ու բարձրարժեք ծառերով, որոնք համահունչ են լինելու բարեկարգվող այգուն:

«Բարեկարգումը չպետք է լինի կանաչ տարածքների հաշվին», - ասում է՝ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: - «Բարեկարգում ասվածի տակ պատկերացնել, որ այդչափ ծառ կարող է հատվել, մենք չէինք պատկերացնում, և այս պահին, երբ մեզ հավաստիացնում են, որ երեք անգամ ավել ծառ կլինի, մենք զարմանքով ենք մոտենում, որ այդ պրոյեկտը կարելի էր իրականացնել մեկ այլ վայրում լիներ, որտեղ չէր պահանջվի այդ ծավալով ծառահատում իրականացվել՝ նաև հաշվի առնելով այն, որ Երևանում քիչ է կանաչ գոտին:

«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանին մտահոգում է նաև այգուց դուրս հանվող խողովակների ահռելի քանակությունը․ - «Փաստորեն այս տարածքն էլ իր մեջ մեծ հարստություն էր պարունակում․․․ Հիմա խողովակները շարել են: Խողովակները այսօր իրոք գին ունեն․․․ Հիմա առաջին հերթին դեռ տարածքը թալանում են: Հետո կտեսնենք ինչ է լինելու»: