ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ Կոնգրեսի Հանրապետական խմբակցության հրապարակած հուշագիրը ամբողջապես արդարացնում է իրեն:
Հուշագիրը պնդում է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) չարաշահել է իր լիազորությունները նախագահական քարոզարշավի ընթացքում Թրամփի նախընտրական շտաբի և Ռուսաստանի միջև հնարավոր կապերը հետաքննելիս:
Փետրվարի 3-ին Թվիթերում հրապարակված գրառման մեջ Թրամփը պնդել է՝ «Այս հուշագիրը ամբողջապես արդարացնում է «Թրամփին»: Բայց Ռուսաստանի վհուկների որսը շարունակվում է և շարունակվում»:
Հունվարի 31-ին ՀԴԲ-ն հրապարակավ քննադատել էր հուշագրի հրապարակումը, նշելով, որ դրանում «էական բացթողումներ կան որոնք նշանակալիորեն ազդում են հուշագրում արվող եզրակացությունների ճշմարտացիության վրա»: