Վանաձորի համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունը դիմել է քաղաքապետարան՝ պահանջելով, որ այսուհետև համատիրությունները բազմաբնակարան շենքերի մուտքերում պարբերաբար տեղեկություն փակցնեն տվյալ շենքում իրականացված աշխատանքների և դրանց ծախսերի վերաբերյալ։
Վանաձորի Դիմաց թաղամասի 18 շենքերն ընդգրկող «Նարեկ» համատիրության հաշվետու ժողովում քաղաքապետարանի համատիրությունները համակարգող բաժնի պետի տեղակալ Գարեգին Մատինյանն առաջին անգամ ներկայացրեց «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկը։ «Վանաձորի համայնքապետարանը ողջունում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկությունը և հավանության է արժանացրել», - ասաց նա:
Հաշվետու ժողովին հիմնականում ներկա էին շենքերի լիազոր ներկայացուցիչները, ովքեր չողջունեցին «Լուսավոր Հայաստան»-ի առաջարկը։ «Շենքերի բնակիչները տեղյակ են համատիրության աշխատանքների մասին, և ավելորդ թղթաբանության կարիք չկա», - ասաց լիազոր ներկայացուցիչ Սուրեն Սահակյանը։
Քաղաքապետարանի ներկայացուցչի պնդումներից հետո, այդուհանդերձ, ներկաներից ոմանք կողմ քվեարկեցին, և առաջարկությունն ընդունվեց։ «Նարեկ» համատիրությունը պարտավորվեց այսուհետև շենքերում կատարվող աշխատանքների մասին տեղեկություն հրապարակել մուտքերում։
Թե որքանով բազմաբնակարան շենքերի կառավարումը դրանով արդյունավետ կդառնա, հայտնի չէ։ 18 շենքեր կառավարող «Նարեկ» համատիրությունում անցած տարի հավաքագրվել է մոտ 3 միլիոն դրամ, դրա մոտ մեկ երրորդը ծախսվել է որպես աշխատավարձ, մյուս մասը՝ շենքերում շինարարական փոքրիկ աշխատանքների վրա։
Համատիրության՝ կես դրույքով աշխատող ղեկավար Ռուզաննա Օհանյանն ասում է՝ բնակարանների առնվազն 30 տոկոսն անբնակ են։ Ըստ նրա, հատկապես վերջին երեք տարիներին բնակիչները փակել են դռներն ու արտագաղթել։ Ներկաներն էլ հիմնականում ծանր սոցիալական դրության մեջ են, 100 տոկոսով վարձավճարները գանձելն անհնար է։
«Հիմա, էս ընթացքում ահավոր վատ ա ժողովրդի վիճակը, շատ են դրսում, 100 տոկոսը շատ դժվար ա հասնել: Դրսից մարդիկ էին էկել՝ էկել էին ստեղ հաստատվեին, աշխատեին, նորից թողեցին գնացին, ընտանիքով գնացին: Եվ ցավը դա ա՝ զինվորական ծառայության տարիքի տղային էլ վերցրեցին ու գնացին», - նշեց Օհանյանը:
Վերջին 10 տարիներին Վանաձորում բնակարանի մեկ քառակուսի մետրի դիմաց սահմանված 10 դրամ սպասարկման վարձավճարը չի փոխվել, այս տարվա համար էլ մնաց նույնը:
Համատիրությունները համակարգող բաժնի պետի տեղակալն ասաց. - «Ես որքան տեղյակ եմ՝ Երևանում սպասարկման վարձավճարը 18-25 դրամ է մի քառակուսի մետրը: Եվ բազմաբնակարան շենքի երբ որ տեսողական զննություններ են իրականացնում կառավարման մարմինները, ակնհայտ է լինում, որ իրենց հաստատած բյուջեով հնարավոր չէ վերացնել բոլոր թերությունները»:
Համատիրությունների և բնակիչների միջև վեճն ասես հարատև է։ Բնակիչներն ասում են, որ չեն վճարի սպասարկման վարձավճարը, քանի որ համատիրությունը չի լուծում իրենց խնդիրները, համատիրություններն էլ չեն լուծում բնակչի խնդիրը, քանի դեռ նա չի վճարել վարձը։
Քաղաքապետարանի ներկայացուցիչ Գարեգին Մատինյանը նշեց. արդեն երկու տարի շրջանառության մեջ է դրված բազմաբնակարան շենքերի և համատիրության մասին օրենքի նոր նախագիծը, ըստ որի՝ շենքերի սպասարկման համար սահմանված վարձավճարի պարտքը գանձելու համար համատիրությունները ոչ միայն կարող են, այլև պարտավոր կլինեն դատարան դիմել։ Մինչդեռ բնակիչները համատիրությունների դեպքում սա համարում են անիրական։
Վանաձորի Բազում թաղամասի տարեց բնակիչներ Նիկոլայ և Մարուս Գուսենկոները արդեն հոգնել են համատիրության դուռը թակելուց։ Ապրում են 9-հարկանի շենքի վերջին հարկում։ Ավելի քան 10 տարի ապրում են անձրևի տակ։ Ջրից արդեն սևացած առաստաղից ու պատերից խոնավության հոտ է տարածված բնակարանում։ Համատիրությունում ասում են՝ այս խնդիրն իրենց ուժերից վեր է։
«Բացարձակ ոչ մի բանով չի զբաղվում, ոչ մի բանով [համատիրությունը]: Գնում ես ընդեղ՝ «կգանք, կգանք կանենք», ու․․․ տենց էլ բրախում են: Մենակ վերելակն է, ճիշտն ասած, եդևում են», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նիկոլայ Գուսենկոն:
«Ոչ պարկետ, ոչ բան․․․ մենակ էս քանի օրը էկել են շուշեքն են քցել՝ էս քանի տարվա մեջ էտ ա էլել», - հավելեց Մարուս Գուսենկոն: