Սամվել Բաբայան․ «Կարա՛ք մեղադրեք, իհարկե․․․ օրենքն էլ եք դուք, դատարանն էլ եք դուք»

6 տարի ազատազրկման դատապարտված Սամվել Բաբայանն այսօր Վերաքննիչ քրեական դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ դատարան կանչել և հարցաքննել «Իգլայի» գործով առանցքային դերակատարում ունեցած և դեկտեմբերի վերջին Վրաստանից Հայաստանին հանձնված Ռոբերտ Աղվանյանին։

Պաշտպանության բանակի նախկին հրամանատարն ասաց՝ վերջապես հարցրեք այդ մարդուն՝ արդյոք իմ պատվերով է նա ձեռք բերել դյուրակիր զենիթահրթիռային համալիրը: Իսկ եթե դա չեք անելու, ապա հաստատում եք, որ ինձ պատվերով եք դատում՝ հայտարարեց Բաբայանը․ - «Կա՛մ պիտի անենք, կա՛մ պիտի ընդունեք, որ պատվիրված գործ ա, պետք ա դատենք»:

Ռոբերտ Աղվանյանն, ում մասին հիշատակեց Բաբայանն, այս գործի առանցքային մեղադրյալներից է։ Նա Էջմիածնի բնակիչ է և վերջին տարիներին ապրել է Վրաստանում։

Ըստ մեղադրանքի Աղվանյանը 38 հազար ԱՄՆ դոլարի դիմաց պատրաստակամություն էր հայտնել տրամադրել դյուրակիր զենիթահրթիռային համալիրը, ապա պայմանավորվածություն ձեռք բերելով մի շարք անձանց հետ 4000 դոլար կանխավճար ստանալով, «Իգլան» հանձնել էր Հրաչյա Մալյանին։ Ըստ էության լինելով «Իգլան» վաճառողը՝ Աղվանյանն այս գործով դատարանում երբեք չի հարցաքննվել։ Նա հայտնաբերվել էր դեռ մարտի 27-ին՝ Թբիլիսիում, բայց Հայաստանին հանձնվել էր Բաբայանի գործով վճռի հրապարակումից մեկ ամիս անց՝ դեկտեմբերի վերջին: Նախագահող դատավորը այսօր քննության առարկա չդարձրեց Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարարի միջնորդությունը, նշելով, որ դրան կանդրադառնան հաջորդ փուլում։ Բաբայանն էլ հայտարարեց՝ ինձ դատեք փաստերի, այլ ոչ ենթադրությունների հիման վրա․ - «Կարա՛ք մեղադրեք, իհարկե․․․ օրենքն էլ եք դուք, դատարանն էլ եք դուք, ոնց ուզեք: Բայց եթե խոսում ենք օրենքի դաշտից, փաստերից, ապա չունեք որևիցե փաստ»:

Ինչ վերաբերում է մյուս մեղադրանքին՝ փոխարկման արդյունքում ձեռք բերված հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներին, ապա Բաբայանն ասաց՝ երբեք չի ժխտել, որ այդ գումարը պատկանել է իրեն։ Նա, սակայն, կրկին պնդեց՝ նախաքննության մարմինն ու առաջին ատյանի դատարանը գործի մանրամասները չեն բացահայտել, ինքը մատնանշել է գումարի ստացման սկզբնաղբյուրը՝ ազգությամբ ռուս Վասյային։ Բաբայանի պնդմամբ՝ անգամ ռուս իրավապահները այս մասով հանցակազմ չեն հայտնաբերել․ - «Չեմ թաքցրել սկզբնաղբյուրը որտեղից ա: Խնդրեմ՝ կանչեիք․․․ Էդ էլ ռուսները․․․ էդքան է՞շ էին, ձեր չափ է՞լ չեն հասկանում, որ քրեական գործը կարելի ա բացահայտել: Նրանք ասում են՝ ստե գործ չկա, ուղարկում են, դուք ստեղ գործ եք հարուցում»:

Դատարանում այսօր խոսեց նաև «Իգլայի» գործով մյուս մեղադրյալ Արմեն Պողոսյանը։ Նա, ըստ մեղադրանքի, «Իգլա» ձեռք բերելու հարցում համագործակցության առաջարկ է ստացել Սանասար Գաբրիելյանից, ապա կապ հաստատել Հրաչյա Մալյանի, վերջինս էլ՝ Ռոբերտ Աղվանյանի հետ։ Պողոսյանը ասաց՝ քանի որ «Իգլան» որպես նվեր էր լինելու բանակին, մտածել էր, թե դրանում հանցակազմ չկա։ Դատավորն էլ հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է իր վրա վերցրել պաշտպանության նախարարության գործառույթները:

«Ունեցել ենք նման խոսակցություններ, Սանասար Գաբրիելյանն ասելա, որ՝ 91 թվին ես իմ մեքենայով բերել եմ, հանձնել եմ: Էն ժամանակ ո՞նց եմ արել, հիմա էլ նույն ձևի կանեմ», - պատասխանեց Պողոսյանը:

Դատարանի դիտարկմանը, թե՝ «այսինքն ոչ մի բան չի՞ փոխվել էս պետության մեջ», մեղադրյալը արձագանքեց․ - «Դե՝ եթե փոխված ըլներ, փող չէին հավաքի էլի՜»:

Պողոսյանը նշեց՝ երբ իմացել է, որ «Իգլայի» ձեռք բերման հարցում կարող է խնդիրներ ունենալ օրենքի հետ, հրաժարվել է գործարքից։ Բաբայանի մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանն էլ հավելեց՝ այդ մասին իրենց զգուշացրել է հենց:

Գաբրիելյանը այսօր ևս ցանկացավ խոսել, սակայն դատավորը թույլ չտվեց՝ խոստանալով այդ իրավունքը տալ հաջորդ նիստերի ժամանակ։ Դատն հետաձգվեց մինչև փետրվարի 9-ը։