Լրագրողական կազմակերպություններին ու լրատվամիջոցների ղեկավարներին մտահոգել է կառավարության երեկվա որոշումը՝ որով հավանություն էր տրվել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծին: Այն, մասնավորապես, նախատեսում է գործադիրի նիստերն անցկացնել դռնփակ ռեժիմում: Ըստ նույն փաստաթղթում ներառված պահանջների, կառավարության անդամներն այլևս չեն կարողանա առանց վարչապետի թույլտվության մանրամասներ ներկայացնել նիստում քննարկված հարցերի վերաբերյալ:
Նախագիծը հաստատելուց հետո գործադիրն այն անհետաձգելի կարգով ուղարկել էր Ազգային ժողով՝ քննարկման։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի խոսքով, իշխանությունը որոշել է փակվել հանրությունից, իսկ պատճառն այդ նույն իշխանության վարկանիշի անկումն է: «Ես չեմ բացառում, որ դա կարող է կառավարման համակարգի տրանսֆորմացիայի հետ կապված լինել, քանի որ բնական է՝ երբ վարչապետի լիազորությունները մեծանում են, փաստորեն համարյա հավասարվում են այսօրվա նախագահի լիազորությունների ծավալին, դա ենթադրում է, որ կառավարության նիստերում շատ ավելի լուրջ հարցեր են քննարկվելու ու լուծվելու, և այդ առումով՝ նպատակահարմար չեն գտնում լրագրողների ներկայությունը»,- «Ազատությանն» ասաց Բորիս Նավասարդյանը:
Ըստ նրա, կառավարության այս որոշումը քայլ է՝ սահմանափակելու գործադիր մարմնի գործունեության վերաբերյալ տեղեկություն ստանալու՝ լրատվամիջոցների հնարավորությունները․ «Այդ տրամաբանության մեջ մտնում են նաև վերևներից տեղեկատվական արտահոսքերի տարբեր սահմանափակումները: Մենք արդեն տեսել են նաև խորհրդարանում ավելի փակ ռեժիմում անցկացված նիստեր, նաև հանձնաժողովների փակ նիստեր, տեսել ենք նաև Տեղեկատվության ազատության մասին օրենքում փոխությունների նախագիծը, որը նույնպես ենթադրում էր տեղեկություններ ստանալու ավելի դժվար ընթացակարգեր, և սա ուղղակի հերթական քայլն է: Ես չէի ասի, թե սա ինչ-որ արտառոց երևույթ է: Ընդամենը առկա ընդհանուր միտումի, իներցիայի շարունակությունն է»:
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանի խոսքով՝ կառավարության նիստերը, մեծ հաշվով, լրագրողներին շատ բան չէին տալիս: «Ըստ էության, հիմա շատ բան չի փոխվելու, ինքներս էլ հասկանում ենք, որ մինչև կառավարության նիստն արդեն իսկ որևէ հարցի վերաբերյալ գալիս էին որոշում կայացրած, և արդեն այդ քննարկումներն, այսպես թե այնպես, ձևական բնութ էին կրում: Լրագրողներին մնում էր միայն արդեն իսկ կայացված որոշումներից ինչ-որ եզրահանգումներ անել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Սաթիկ Սեյրանյանը:
Նրա կարծիքով, այս օրենքն ընդունելով՝ իշխանությունը, փաստորեն, գրաքննություն է հաստատում հենց կառավարության ներսում․ «Ինձ համար ավելի մտահոգիչ է այն, որ կառավարության անդամն իրավունք չի ունենա առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել: Դա նշանակում է, որ կառավարության ներսում ներքին գրաքննություն է լինելու, և լրագրողների աշխատանքը բավական բարդանալու է այն իմաստով, որ այլևս չես կարող նախարարին հրավիրել հարցազրույցի կամ փորձել ինչ-որ տեղեկություն ստանալ»:
«Սիվիլնեթի» գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանի համոզմամբ, կառավարության այս որոշումն ունի քաղաքական ենթատեքստ: «Ապրիլին սպասվող փոփոխություններից առաջ, երբ արդեն հստակ ուրվագծված է, թե ով է լինելու հաջորդ վարչապետը, այս ամենին պետք է նայենք քաղաքական կոնտեքստում: Ոչ միայն կառավարության նիստերի լուսաբանումն է սահմանափակվում, այլ ընդհանրապես լրագրողների մուտքն է սահմանափակվում կառավարության շենք, վարչապետի ապագա նստավայր»,- նկատում է «Սիվիլնեթի» գլխավոր խմբագիրը:
Ըստ նրա, իշխանությունների այս որոշման նպատակն է՝ սահմանափակել լրագրողների հնարավորությունները, որպեսզի նրանք ուղղակի ֆիզիկապես հնարավորություն չունենան՝ մոտենալ կոնկրետ պաշոտնյային ու անցանկալի հարցեր ուղղել վերջինիս: