Շուրջ երկու տարվա դադարից հետո Ժիրայր Սեֆիլյանն այսօր դատարանի դահլիճում հանդիպեց Պավլիկ Մանուկյանին և Վարուժան Ավետիսյանին, ովքեր եկել էին Սեֆիլյանի գործով ցուցմունք տալու:
Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունից՝ 2016 թվականի հունիսից ի վեր ընդդիմադիր գործիչները դեմառդեմ չէին շփվել, Սեֆիլյանի հետ հանդիպում տեղի չունեցավ նաև «Սասնա ծռերի» կողմից ոստիկանական գնդի տարածքը գրավելու օրերին, իշխանությունները չկատարեցին զինված խմբի պահանջը՝ կալանավայրից գրավված գնդի տարածք բերել «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդին:
Դատավորն այսօր նախ բավարարեց պաշտպանների միջնորդությունը և վաղաժամ դահլիճ վերադարձրեց նիստերից ութ ժամով հեռացված Ժիրայր Սեֆիլյանին և Գևորգ Սաֆարյանին, ապա թույլ տվեց, որ Պավել Մանուկյանն ու Սեֆիլյանը ողջագուրվեն, մի քանի բառ փոխանակեն:
Պավլիկ Մանուկյանը հարցաքննվեց Ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործով, պատմեց՝ ապրիլի 24-ին հանրահավաք էին անելու՝ ամեն ինչ օրենքի շրջանակում, մեղադրանքը շինծու է: Մանուկյանը հիշեցրեց՝ Ժիրայր Սեֆիլյանը նորից իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվեց, երբ առաջինը հայտարարեց, որ ապրիլյան պատերազմին հայկական կողմը տարածքային կորուստներ է ունեցել, փաստը հետո հաստատեց նաև Սերժ Սարգսյանը: Ըստ մեղադրանքի Սեֆիլյանն ու համախոհները սադրիչ ելույթներով զանգվածային անկարգություններ են նախապատրաստել:
«Եթե դուք համարում եք սադրիչ այն ելույթները, որով մենք ասել ենք՝ պատրաստ ենք գնալու մեր հայրենիքի բռնագրավված տարածքները հետ ազատագրել՝ խնդրեմ, կարող եք դա սադրիչ համարել: Եթե համարում եք սադրիչ այն ելույթը, որ մենք ասում ենք՝ մեր երիտասարդ տղաներին պատրաստ ենք դիրքերից հանել և մենք՝ հին ազատամարտիկներս, ետ վերցնել Թալիշը և Լելե Թեփեն՝ կարող եք սադրիչ համարել: Եթե սրանք հայրենիքի այդ թանկարժեք բեկոր հողերն անվանում են անպիտան, ինչո՞ւ Ժիրայր Սեֆիլյանին և Պավել Մանուկյանին սադրիչ չեն համարի: Այս մարդկանց համար մենք համարվում ենք ոչ ցանկալի անձ: Այս մարդկանց պետք է կառավարվող, ձևական ընդդիմություն», - շեշտեց նա:
Պավլիկ Մանուկյանին զայրացրեց Ժիրայր Սեֆիլյանին առաջադրված մեղադրանքից մեջբերումը, թե սկսած 2014 թվականից նա համախոհների հետ անկարգություններ կատարելուն պատրաստ խմբեր է հավաքագրել: - «Ժիրայր Սեֆիլյանը 91 թվականին առաջին գյուղ ազատագրողներից մեկն էր, որի զինվորը լինելու համար ես հպարտ եմ առայսօր: Ինչպե՞ս կարող են որակել մի մարդու այդպիսի ստոր մեկնաբանությամբ: Ժիրայր Սեֆիլյանն ուղղակի խանգարում էր այս գիշատիչներից շատերին և իրերը կոչում էր իրենց անունով և էլի ենք կոչելու»:
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Պավլիկ Մանուկյանին թույլ չտվեց հայտարարությամբ հանդես գալ՝ հարցաքննությունն ավարտված համարելով: Ազատամարտիկը տեղի ունեցածը բնորոշեց՝ «եղավ հանդիպում՝ Սառցե թագուհին և Հալից ընկած ասպետը, հա՞»:
Դահլիճ բերվեց Վարուժան Ավետիսյանը, չնայած ոստիկանների արգելքին նաև ևս մի քանի վայրկյանով ողջագուրվեց Սեֆիլյանի հետ:
Վարուժան Ավետիսյանի հարցաքննությունը, սակայն, տեղի չունեցավ: Դատարանը պահանջում էր, որ նա ցուցմունք տա կանգնած ամբիոնի մոտից, Ավետիսյանը հրաժարվում էր: Ի վերջո Վարուժան Ավետիսյանն առանց ցուցմունք տալու հեռացվեց դահլիճից:
Փաստաբանները պնդում էին, որ դատավորն իրավունք չուներ վկայի կարգավիճակում հարցաքննության բերված գործչին հեռացնել նիստից:
Ցեղասպանության 100-րդ տարելիցին զանգվածային անկարգություններ կազմակերպելու գործով անցնում է նաև Գարեգին Չուգասզյանը, ով, սակայն, 2016 թվականից հետախուզվում է իրավապահների կողմից: Իսկ Ժիրայր սեֆիլյանին մեղադրանք է առաջադրված նաև, որ կազմակերպված խմբի կազմում զենք է ձեռք բերել, որպեսզի ռազմավարական նշանակության շենքեր զավթի։ «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդը թատրոն է որակել այս դատավարությունը: