Մասնագիտությամբ հաշվապահ Շողեր Բաբայանը 2014 թվականից ներառվել է պարտադիր կուտակային համակարգում: Չորս տարի շարունակ ամեն ամիս նրա աշխատավարձի 5 տոկոսը փոխանցվել է ֆոնդի կառավարչին: Վերջինիս Շողերն իր սեփական կամքով չի ընտրել: Ենթադրում է, որ իր փոխարեն պետությունն է ընտրել ֆոնդը:
Շողերը չի հիշում՝ առաջարկված երեք ֆոնդերից ո՞ր մեկն է պատասխանատվություն կրում իր ապահով ծերության համար: Ասում է՝ եթե չհիշեցնեինք իր հաշվեհամարի մասին, ասյօր էլ չէր ստուգի: Սեփական հաշվարկներն է անում, պարզելու համար, թե որքան գումար է հավաքվել իր հաշվին, իսկ բանկոմատի տրամադրած կտրոնում առկա տեղեկատվությունից ոչինչ չի հասկանում:
Մեր դիտարկմանն ի պատասխան՝ սխալ չէ՞ արդյոք սեփական փողերի նկատմամբ նման անտարբերությունը, Շողերը ցավով արձագանքեց՝ առաջին տարում դեռ փորփրում էր հաշվեհամարը, սակայն հետո, տեսնելով, որ ամեն ինչ չափազանց խճճված է, համբերությունը սպառվեց ու որոշեց այլևս ժամանակ չտրամադրել այդ «անօգուտ» զբաղմունքին:
Չնայած իրազեկվածության առումով այս անմխիթար պատկերին՝ անցած տարեվերջին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն «Ազատության» եթերում հայտարարել էր, թե համակարգը կայացած է՝ ընդգծելով՝ 180 հազարից ավելի մասնակիցներ կուտակային համակարգում են, ակտիվները կառավարող ընկերություններում էլ շուրջ 80 մլրդ դրամի միջոցներ կան:
Արդեն 1974 թվականի հուլիսի 1-ից հետո ծնված ՀՀ բոլոր աշխատող քաղաքացիները պետք է իրենց աշխատավարձի 5 տոկոսը փոխանցեն կենսաթոշակային հիմնադրամներին: Համակարգն արդեն այս տարվա հուլիսի 1-ից կգործի ամբողջությամբ: Այժմ դրանում ներգրավված են միայն պետական ծառայողները, աշխատաշուկա նոր մտնողերը և կամավորները:
Թեև համակարգում ընդգրկված աշխատողները պնդում են, որ հնարավոր չէ ստուգել ֆոնդերի եկամտաբերությունը, նախարարը վստահեցնում էր, թե տարեկան շուրջ 13 տոկոս եկամտաբերությամբ այդ գումարներն աշխատել են հօգուտ քաղաքացիների:
Ըստ նոր համակարգի՝ կենսաթոշակը հնարավոր է ստանալ 63 տարին լրանալուց հետո: Միայն առանձին դեպքերում (օրինակ՝ առողջական ծայրահեղ ծանր վիճակի, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամության, մշտական բնակության նպատակով օտարերկրյա պետություն մեկնելու, քաղաքացիության դադարեցման դեպքերում)՝ մինչև այդ տարիքին հասնելը:
Ի դեպ, «Ազատության» հետ զրույցում համակարգում ներգրավված բազմաթիվ մարդիկ, խոստովանեցին, որ [ինչպես և Շողեր Բաբայանը] չեն հետևում իրենց հաշիվներին, որովհետև չեն հավատում, որ այդ գումրները երբևէ ետ են ստանալու:
«Ազատության» հարցերին ի պատասխան՝ կուտակային կենսաթոշակային ֆոնդերը կառավարող երկու միջազգային ընկերությունները՝ ֆրանսիական «Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթ»-ը և Գերմանական «Ց Կվադրատ»-ը ընդունեցին՝ մասնակիցների հետաքրքրվածության աստիճանը ցածր է: «Ց կվադրատ»-ից, այդուհանդերձ, տեղեկացրին, որ վերջին շրջանում այդ առումով որոշ դրական շարժ նկատվում է: «Ամունդիից» էլ հիշեցրին․ «Կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է իրազեկվի պետական մարմինների կողմից, իսկ ֆոնդերի կառավարիչները պետք է իրազեկման աշխատնանքեր տանեն իրենց գործունեության առանձնահատկություններն ավելի տեսանելի դարձնելու ուղղությամբ»:
«Ց կվադրատ»-ից նաև տեղեկացրին, որ ի տարբերություն համակարգի գործարկման առաջին տարիների, 2016-2017 թթ․ ընթացքում ընկերությունն աշխատել է շահույթով: «Ամունդիից» ստացված պատասխանը գրեթե նույնն էր, սակայան հավելեցին, որ գործունեության առաջին տարիներին իրենց կատարած ներդրումային ծախսերը դեռ ամբողջությամբ չեն փոխհատուցվել: Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դրաձել, որ 2015 թվականին այս ֆոնդերն աշխատել են վնասով:
«Ամունդիից» տեղեկացնում են նաև, որ «2018 թ․ հուլիսին համակարգի ամբողջական կիրառումը թույլ կտա շարունակել իրականացնելու իրենց առաքելությունը»: «Ցե կվադրատից» էլ հավելում են՝ «կատարելագործվում է համակարգը կարգավորող դաշտը, միջոցառումներ են իրականացվում կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ»:
Երկու կառավարիչներն էլ ստեղծված անվստահության մթնոլորտի դեմ ունեն մեկ դեղամիջոց՝ ընդունել հետևյալ իրողությունը․ «կենսաթոշակային ֆոնդի ակտիվներին ամբողջապես առանձնացված են կենսաթոշակային կառավարչի միջոցներից, ուստի՝ կառավարչի ֆինասնական խնդիրները ոչ մի կերպ չեն կարող անդրադառնալ կենսաթոշակային ֆոնդերի վրա»: Այլ կերպ ասած՝ ըստ կառավարիչների, «նույնիսկ ֆոնդի կառավարչի սնանկանալու դեպքում մասնակիցների միջոցները չեն վտանգվում, քանի որ դրանք մասնակիցների սեփականությունն են և առանձնացված են կառավարչի սեփական միջոցներից»:
Պարտադիր կուտակային կենթաթոշակային համակարգին ընդդիամցող՝ խորհրդարանական «Ելք» խմբակցությունն, այդուահանդերձ, չեն կիսում նախարարի և ֆոնդերի կառավարիչների լավատեսությունը: Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանից այսօր տեղեկացանք, որ «Ելքը» պատրաստվում է մինչև հուլիսի 1-ը (երբ կուտակային համակարգի մասին օրենքը կսկսի գործել ողջ ծավալով) օրինագիծ ներկայացնել խորհրդարանի քննարկմանը: Դրանով պահանջելու են չեղարկել համակարգի պարտադիր բաղադրիչը:
«Եթե ինչ-որ մի ապրանք լավն է, այն պարտադրել պետք չէ, մարդն ինքը կցանկանա դա գնել: Այսինքն՝ եթե համակարգը լինի այնպիսին, որ մարդիկ զգան՝ այնտեղից իրենց օգուտ է լինելու, նրանք կամավոր կմտնեն այդ համակարգի մեջ: Մեր մոտեցումը հետևյալն է՝ պարտադրելն ուղղակի անընդունելի է ու նույնիսկ՝ հակասահմանադրական: Այն նույնիսկ համապատասխանեցված չէ Սահմանադրական դատարանի վերջին վճռին»,- ասաց Գորգիսյանը: