Գաբրիել․ Գերմանիայի դեսպանատունը կմնա Թել Ավիվում մինչև իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծումը

Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիել, արխիվ

Իսրայելում Գերմանիայի դեսպանատունը կմնա Թել Ավիվում, մինչև իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը չլուծվի: Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը:

Թել Ավիվում չորեքշաբթի օրը ելույթ ունենալով Ազգային անվտանգության ուսումնասիրությունների ինստիտուտի միջազգային համաժողովում, Զիգմար Գաբրիելը ընդգծել է, որ Գերմանիայի դեսպանատունը Երուսաղեմ կտեղափոխվի միայն բանակցային լուծումից հետո:

«Գերմանիան անհամբերությամբ սպասում է այն օրվան, երբ կկարողանա Իսրայելում իր դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ: Բայց թույլ տվեք ինձ հավելել՝ այն ժամանակ, երբ կգտնվի «երկու պետություն՝ Երուսաղեմ մայրաքաղաքով» լուծումը: Այստեղ կարճ ճանապարհ չկա», - նշել է Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Այդպիսով, Գերմանիան ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դիրքորոշմանը հակառակ դիրքորոշում արտահայտեց: Անցած դեկտեմբերին ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց, որ Երուսաղեմը պետք է ճանաչել Իսրայելի մայրաքաղաք ու ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ: Նրա դիրքորոշումը լայնորեն քննադատվեց արաբական ու մահմեդական երկրների կողմից:

Երուսաղեմի հարցը մնում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման խոչընդոտներից մեկը: Պաղեստինցիները ցանկանում են, որ Երուսաղեմի արևելյան թաղամասը լինի իրենց ապագա պետության մայրաքաղաքը:

Միջազգային համաժողովին մասնակցելուց բացի, Զիգմար Գաբրիելը բանակցություններ է վարում իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի հետ:

Տասն ամիս առաջ Գաբրիելի և Իսրայելի վարչապետի միջև որոշ լարվածություն էր առաջացել: Բենյամին Նեթանյահուն Գերմանիայի ԱԳ նախարարին հորդորել էր չհանդիպել իսրայելական աջակողմյան երկու ոչ-կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, Գաբրիելը այդ խնդրանքը անտեսել էր, ինչից հետո Իսրայելի վարչապետը չեղարկել էր իր հանդիպումը Գերմանիայի արտգործնախարարի հետ:

Այս միջադեպից տասն ամիս անց Բենյամին Նեթանյահուն Իսրայելում ընդունեց Զիգմար Գաբրիելին: Բանակցությունների մասին Նեթանյահուն լրագրողներին ասաց, որ քննարկել են Մերձավոր Արևելքի կայունության ու պաղեստինցիների հետ խաղաղ բանակցությունները վերականգնելու հարցերը:

Գաբրիելը իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման համար վերահաստատել է, որ Գերմանիան սատարում է «երկու պետության» սկզբունքը, ասել է, թե ուրախ է լսել, որ Իսրայելը ևս կողմ է այդ սկզբունքին, և որ սահմանները պետք է անվտանգ լինեն:

Գերմանիայի արտգործնախարարը հանդիպում է նաև պաղեստինյան կողմին՝ հույս ունենալով հակամարտ կողմերին վերադարձնել բանակցային սեղանի մոտ: