Թուրքիան Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության հարցի շոշափումը «պոպուլիզմ» է որակում

Մևլյութ Չավուշօղլու, արխիվ

Հայոց ցեղասպանության հարցի շոշափումը «պոպուլիզմ» է և ներքաղաքական նպատակներ է հետապնդում, այսպես է արձագանքել Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հայտարարությանը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն օրացույցում ամրագրելու մասին:

«Ի՞նչ կփոխվի այդ հարցը օրակարգ բերելով կամ չբերելով: Ֆրանսիան իրավունքից է խոսում: Ցեղասպանությունը ոչ թե քաղաքական, այլ իրավական եզրույթ է: Սահմանադրական դատարանը սրա վերաբերյալ հստակ որոշումներ ունի: Եթե Ֆրանսիան հավատարիմ է օրենքին, ապա նմանօրինակ հարցերը օրակարգ չպետք է գան», - պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտարարել է Չավուշօղլուն:

Նա նաև հիշատակել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) 2015 թվականի վճիռը «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով՝ շեշտելով, որ այդ որոշումը գերակայեց շվեյցարական ներքին օրենսդրությանը:

Ֆրանսիայի նախագահը օրերս կայացած Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքի ժամանակ խոստացել էր օրացույցում գրանցել տալ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը՝ այսպիսով վերահաստատելով իր նախընտրական հանձնառությունը:

«Մեր պայքարն արդարության և հիշողության համար է: Մենք այդ պայքարը տանում ենք հիշողության պահպանմամբ և ցանկանում գրանցել հանրապետական օրացույցում ցեղասպանության հիշողության մի օր, և կարևոր է, որ Ազգային ժողովը զբաղվի այդ հարցով գալիք ամիսներին», - հայտարարել էր Ֆրանսիայի նախագահը:

Այս հայտարարությանը լայնորեն արձագանքել է նաև թուրքական մամուլը: «Մակրոնը բացում է հայկական թղթապանակը» վերնագրով հոդված է հրապարակել Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:

Պարբերականը գրում է, թե առաջիկա ամիսներին թուրք-ֆրանսիական հարաբերությունները Հայոց ցեղասպանության հարցի պատճառով կրկին ճգնաժամ կարող են ապրել:

Ihlas գործակալությունը Ֆրանսիայի նախագահի որոշումը սկանդալային է որակել, իսկ թուրքական NTV-ն գրել է, թե «հայկական պնդումները նորից կարող են խորհրդարանի օրակարգ բերվել»:

Yeniçağ պարբերականն էլ նշել է, թե Մակրոնը շարունակում է հակաթուրքական գործունեություն ծավալել:

Հիշեցնենք՝ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած մոտ երեք տասնյակ երկրներից է: