«Մեդիալաբի» տնօրենին սպառնալու փաստով հաղորդում է ներկայացվել գլխավոր դատախազություն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից «Ազատությանը» տեղեկացրին, որ «Մեդիալաբի» խմբագիր և տնօրեն Մարիաննա Գրիգորյանի իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱՎ-ը դիմել է գլխավոր դատախազություն՝ պահանջելով պարզել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Հայկ Բերման Օհանյան անվամբ օգտատիրոջ կողմից սպանդ իրականացնելու սպառնալիքի իրական լինելը և քրեական գործ հարուցել այդ սպառնալիքի առիթով: ՀՔԱՎ-ը պահանջել է հայտնաբերել Գրիգորյանին սպառնալիքներ ուղղած անձին և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել:

Օրերս «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Մեդիալաբ» կայքի տնօրեն և գլխավոր խմբագիր Մարիաննա Գրիգորյանի հասցեին սպառնալիքներ պարունակող գրառումներ են արվել՝ նրան հիշեցրել են «Շառլի էբդո» պարբերականի հետ տեղի ունեցածը: Սպառնալից մեկնաբանություններն այնուհետև շարունակվել են նամակագրության տեսքով:

Նշենք նաև, որ այս միջադեպի կապկացությամբ մի շարք լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ՝ ՀՀ դատախազությունից պահանջելով քրեական գործ հարուցել և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել տեղի ունեցածը լիարժեք քննելու, խմբագրությանը սպառնացողին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար: ՀՀ ոստիկանությունից էլ պահանջել են մինչ վերոհիշյալ գործընթացի ավարտը պատշաճ հսկողություն իրականացնել և ապահովել խմբագրության անվտանգությունը։