Օրենքի նոր նախագծով առաջարկվում է Կառավարության նիստերը դարձնել դռնփակ

Գործադիրն այսօր հաստատեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է, որ Կառավարության նիստերը դռնփակ կլինեն:

Կանխատեսելով, որ այս օրենքի նախագիծը բուռն քննարկման առարկա է դառնալու՝ հարցով զեկուցող արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը շտապեց հայտարարել, որ, այնուամենայնիվ, վարչապետի որոշմամբ նիստի մի մասը կարող է անցկացվել դռնբաց:

Նախագծով առանց վարչապետի թույլտվության Կառավարության անդամները չեն կարողանա մանրամասներ ներկայացնել նիստից։ Արդարադատության նախարարությունը օրենքի նախագծի հեղինակներից է։ Գերատեսչության ղեկավար Դավիթ Հարությունյանը այսօր պնդեց, որ սա ժողովրդավարությանը չի հարվածում՝ Կառավարության նիստերը դռնփակ են անգամ Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում։

«Իրականում բուռն քննարկումները տեղ են ունենում Կառավարության նիստից դուրս: Ես կարծում եմ՝ հակառակը՝ սա ժողովրդավարական քայլ է նաև», - նշեց նա:

Հարությունյանը պնդեց, որ չգիտի նման կառավարություն, որտեղ նիստերը դռնբաց են։ Նշենք, որ այժմ դրանք ուղիղ ռեժիմով հեռարձակվում են Կառավարության նիստերը լուսաբանող լրագրողների համար: Նախարարի խոսքով՝ Կառավարության շատ պաշտոնյաներ կաշկանդվում են նիստերի դռնբաց լինելուց և արդյունքում այն քննարկումները, որոնք պետք է նիստի ընթացքում լինեին, լինում են նիստից առաջ կամ դրանից հետո։ Նախարարը իր տեսակետը հիմնավորելու համար ամուսնու և կնոջ հարաբերությունների օրինակը բերեց․ - «Եթե դուք Ձեր ընտանիքում Ձեր տիկնոջ հետ վիճեք՝ դա մի բան է, իսկ եթե ներկա գտնվի երրորդ անձը, անմիջապես Ձեր վեճը կստանա այլ երանգ»:

Հարությունյանի խոսքով՝ իրենց անկաշկանդ աշխատելուն ոչ միայն լրագրողներն են խանգարում, այլև յուրաքանչյուր անձ ով հետևում է նիստին և Կառավարության անդամ չէ։

Կառավարությունը այս օրենքի նախագիծը անհետաձգելի կարգով ուղարկել է Ազգային ժողով քննարկման։

Ազգային ժողովի «Կանոնակարգ օրենքով» ներկայումս Կառավարության նիստերին մասնակցելու իրավունք ունեն նաև ԱԺ պատգամավորները, մինչդեռ ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը մտահոգված է, որ նոր նախագծով դա չի թույլատրվում։

«Իմ տեղեկատվության համաձայն՝ նաև Ազգային ժողովի պատգամավորների համար է փակ լինելու», ֊ «Ազատության» հետ զրույցում նշեց նա:

Մարուքյանի կարծիքով՝ սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Սահմանադրության փոփոխությունների արդյունքում ավտորիտար կառավարում է հաստատվում․ ֊ «Անվերահսկելի, անփոխզսպելի մի իշխանության, մի համակարգի մասին է խոսքը: Եվ Կառավարության նիստերը փակելու այս նախաձեռնությունը դրա ինչ֊որ մի շտրիխներից մեկն է, որ Կառավարության նիստերին որևէ մեկը չկարողանա հետևել և իրենք իրենց ձայնագրությունը, մամուլի հաղորդագրությունը կտարածեն, դուք՝ լրագրողներդ, կկարդաք և որևէ բան չեք իմանա, թե ներսում ինչ է կատարվում»:

Արդարադատության նախարարի պնդմանը, որ օրինակ Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում նիստերը փակ են անցկացվում, Մարուքյանը հակադարձեց՝ այնտեղ իշխանությունը 10 հազար դրամով չի ձևավորում, ժողովրդավարական արժեքներն էլ անհամեմատելի են։

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի տնօրեն Վարուժան Հոկտանյանի կարծիքով՝ սա ժողովրդավարության առումով հետընթաց է և ընդդիմությունը խորհրդարանում պետք է պայքարի այս նախագծի դեմ: - «Հաջորդ քայլերը կարող են լինել ու այս ձևով գնալով կվերանա թափանցիկության մշակույթը», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Հոկտանյանը:

Սահմանադրական փոփոխություններից բխող օրենսդրական նախագծերի համաձայն՝ կտեղափոխվի նաև վարչապետի նստավայրը, այն կդառնա Բաղրամյան 26-ը։ Ընդդիմադիր Էդմոն Մարուքյանի կարծիքով՝ ամեն ինչ հարմարեցվում է, որ Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ։ Իշխող ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մինչդեռ հակադարձում է՝ նախագահական երկրորդ ժամկետը երկու ամսից ավարտող Սերժ Սարգսյանի հետ վարչապետի նստավայրի փոփոխությունը կապ չունի․ ֊ «Այն հատուկ հարմարեցված է ծառայելու մի շարք նպատակների, որոնք բնորոշ են գործադիր իշխանության ղեկավարին: Դա է պատճառը, որ Բաղրամյան 26֊ը՝ կապ չունի, թեկնածուն Սերժ Սարգսյանն է կամ որևէ այլ անձ, նախատեսվում է որպես վարչապետի մշտական նստավայր, և դա ամենևին չի կանխորոշում»: