Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2017 թվականին Հայաստանից արտագաղթը շարունակվել է, սակայն դրա տեմպերը դանդաղել են: Ըստ այդմ՝ 2017-ին Հայաստանից հեռացել և այլևս չի վերադարձել ավելի քան 37,5 հազար քաղաքացի․ դա գրեթե 30 տոկոսով պակաս է 2016 թվականի ցուցանիշից՝ 2016-ին անվերադարձ հեռացածների թիվը գերազանցել է 55 հազարը: Ըստ ԱՎԾ-ի, Հայաստանի մշտական բնակչության թիվը, 2016 թվականին արձանագրված ցուցանիշի համեմատ, նվազել է 1300-ով, կազմելով 2 մլն 972 հազար 900:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ դեռևս դրժվար է խոսել երևույթի պատճառների կամ շարունակականության մասին:
«Արտագաղթի բացասական սալդոն այս տարի մոտ 20 հազարով պակասել է: Դա, կարծում եմ՝ բավականին լավ ցուցանիշ է: Իհարկե պետք է դեռ հասկանալ [արտագաղթողների թվի] նվազման պատճառները, բայց փաստը մնում է փաստ, որ այս տարի 20 հազարով ավելի պակաս արտագաղթ ունենք, քան նախորդ տարի: Երկրորդ դրական ցուցանիշն այն է, որ սեռերի հարաբերակցությունը նվազեց ևս մեկ հաշվարկային ցուցանիշով և դարձավ 110: Այսինքն՝ տղա և աղջիկ հարաբերակցությունը 115-ից (100 աղջիկ-115 տղա), ինչը մենք ունեինք 5 տարի առաջ, նվազել է և դարձել 110»,- ասաց ՄԱԿ-ի ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ արձանագրվել են նաև բացասական ցուցանիշներ․ «Դրանցից մեկն այն է, որ Հայաստանում ծնունդների բացարձակ թիվը նվազել է մոտ 3000-ով: Պատճառն այն չէ, որ նվազել է ծնելիությունը․ զույգերը նորից միջին հաշվով ունենում են 1,6 երեխա, այլ այն, որ նվազել է երիտասարդ ծնողների թիվը»,- ասաց Հայրապետյանը, ծնողների թվի նվազումը պայմանավորելով հետևյալ հանգամանքով․ «Այժմ ամուսնական և վերարտադրողական տարիքի են հասել 90-ականների կեսերին ծնված երեխաները: Իսկ այդ շրջանում Հայաստանում գրանցվել է ծնելիության նվազագույն մակարդակ»:
Գարիկ Հայրապետյանի խոսքով՝ ժողովրդագրական վիճակի բարելավման հարցը սերտորեն կապված է տնտեսության և ժողովրդավարության հետ։ Եթե տնետսությունն աճի, մարդու իրավունքներն էլ հարգվեն, ապա շատերն արտագաղթելու մասին չեն մտածի, նշում է փորձագետը: «Արտագաղթի առաջին պատճառն աշխատատեղերի պակասն է և աշխատավարձի ոչ բավարար լինելը: Երկորդ պատճառը երկրի նկատմամբ հավատի պակասն է»,- ասաց Հայրապետյանը:
Ի դեպ, ԱՎԾ-ի տվյալներով՝ Հայաստանի տնտեսության ակտիվության ցուցանիշը 2017-ին կազմել է 7, 7 տոկոս: Համապատասխանաբար 25 և 27 տոկոսով ավելացել են ներմուծումն ու արտահանումը, 12 տոկսով աճել է արդյունաբերությունը, 2 տոկոսվ՝ շինարարությունը, 14 տոկոսով՝ առուտուրն ու ծառայությունները: Գյուղատնտեսությունը միակ ոլորտն է, որտեղ 3 տոկոսանոց անկում է գրանցվել:
«Հայակական ժամանակ» օրաթերթի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը կարծում է, որ պարզապես հրաժարվել են գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ անհիմն աճեր գրելու պրակտիկայից ու այժմ իրականությանն ավելի մոտ թվեր են ներկայացնում: Նրա խոսքով, ընդհանուր առմամբ, մակրոտնտեսական այս «փայլուն ցուցանիշները» կարծես թե չեն ազդել 2017-ին բնակչության սոցիալական վիճակի վրա․ «Իրական վիճակի վրա որևէ էական ազդեցություն չի եղել»: