Երեկ փարիզյան շքեղ հյուրանոցներից մեկում տեղի ունեցավ Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի տարեկան ընթրիքը, որի հատուկ հյուրն էր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:
Մակրոնը հանդես եկավ երկար ելույթով, որում խոստացավ Ֆրանսիայի հանրապետական օրացույցում գրանցել տալ Հայոց ցեղասպանության հիշողության օր: Սա իր նախընտրական խոստումն էր:
«Մեր պայքարը արդարության և հիշողության համար է: Մենք այդ պայքարը տանում ենք հիշողության պահպանմամբ և ցանկանում գրանցել հանրապետական օրացույցում ցեղասպանության հիշողության մի օր, և կարևոր է, որ Ազգային ժողովը զբաղվի այդ հարցով գալիք ամիսներին», - հայտարարեց Ֆրանսիայի նախագահը:
Ֆրանսիան, հիշեցնենք, Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած մոտ երեք տասնյակ երկրներից է:
Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը իրենց ելույթներում Մակրոնի ուշադրությունը հրավիրեցին Թուրքիայի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի իրադրությունների վրա՝ ցանկանալով, որ Ֆրանսիայի նախագահը դատապարտի Թուրքիայի նախագահին՝ փոքրամասնությունների հանդեպ նրա քաղաքականության համար: Մյուս կողմից, խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին, ֆրանսահայ կազմակերպությունը հրավիրեց Մակրոնին այցելել Ղարաբաղ:
Էմանյուել Մակրոնը իր պատասխանում անդրադարձավ այդ խնդիրներին և, նախ և առաջ, նշեց, որ պետք է մերժի հրավերը, քանի որ Ղարաբաղ գնալով՝ Ֆրանսիան կկորցնի իր չեզոքությունը:
«Ես կարծում եմ՝ ձեր պայքարը կարևոր է, բայց Ֆրանսիան պետք է կատարի իր դերը Մինսկի խմբում՝ երկու կողմերի հետ բանակցությունների միջոցով գտնելու հակամարտության խաղաղ լուծում, որը հնարավոր է: Ես կգնամ Ղարաբաղ այն ժամանակ, երբ հակամարտությունը կգտնի իր լուծումը», - հայտարարեց Ֆրանսիայի նախագահը: