«Դատական օրենսգրքի» նախագծից հանվել է փաստաբաններին տուգանքի ենթարկելու դրույթը՝ այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Արդարադատության նախարարը։ Դավիթ Հարությունյանը, սակայն, տեղեկացրել է՝ դատական տուգանքի մասին դրույթը տեղ կգտնի Դատավարական օրենսգրքերում՝ տեղափոխությունը պատճառաբանելով հետագայում սահմանադրական օրենքի մակարդակով փոփոխություններ անելու դժվարությամբ։
«Կնախատեսենք նույն ձևով կարգավորում` դատական տուգանքի տեսքով, ինչպես և կար առաջին ընթերցմամբ ընդունված «Դատական օրենսգրքում», - նշել է Հարությունյանը:
Հիշեցնենք՝ «Դատական օրենսգրքի» նախագծում տեղ էր գտել մի դրույթ, ըստ որի դատավորներին հնարավորություն է տրվելու փաստաբաններին նկատողություն տալ, հեռացնել նիստերի դահլիճից կամ մինչև 100 հազար դրամով տուգանել: Սա էլ առաջացրել է փաստաբանական համայնքի դժգոհությունը։ «Ազատության» հետ զրույցում փաստաբաններն այսօր էլ ասացին՝ փոփոխությամբ հարցը չի լուծվում, դրույթն անընդունելի է, քանի որ դա հնարավորություն կտա դատավորներին ցանկացած պահին պատիժ կիրառել հատկապես աղմկահարույց քաղաքական գործերով աչքի ընկնող փաստաբանների նկատմամբ։
«Առերևույթ՝ մեկը սահմանադրական օրենք է, մյուսները ոչ սահմանադրական օրենքներ են՝ սա ընդամենը ձևականություններ են», - «Ազատության» հետ զրույցում նշեց փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Պապիկյանը նկատում է՝ տուգանքներ կիրառելու որոշումը կայացվել է նաև փաստաբանների խոսքի ազատությունը սահմանափակելու նպատակով։ Ըստ նրա՝ հաշվի առնելով այն փաստը, որ դատավարական օրենսգրքի փոփոխությունները մայիսից շուտ ուժի մեջ չեն մտնի, ստացվում է, որ այս քայլով նախարարությունը փորձում է ժամանակ տալ փաստաբաններին, ստուգել նրանց։ Իսկ խոսքը աղմկահարույց քաղաքական գործերում ներգրավված փաստաբանների մասին է՝ նշում է Պապիկյանը։
Տուգանքի միջոցով փաստաբաններին լռեցնելու մեխանիզմն անարդյունավետ է և համայնքի պայքարը շարունակվում է՝ սա էլ շեշտում է փաստաբան Արա Ղարագյոզյանը։ Դատարանի որոշման հիման վրա փաստաբանների պալատում նրա նկատմամբ արդեն 3 կարգապահական վարույթ է հարուցել։ Ղարագյոզյանն ասում է՝ եթե նախագիծը ընդունվի, ապա դատավորն ազատություն կստանա, իսկ բողոքարկումը անիմաստ կլինի։ Նախարարության այն պատճառաբանություններին էլ, թե այսպիսի դրույթներ կան նաև այլ երկրներում, փաստաբանը հակադարձում է․ ֊ «Եթե ես իմանայի, որ մեր դատարանները անկախ են, երկու ձեռքով կողմ կլինեի նմանատիպ օրենքին, բայց քանի որ Հայաստանում դատավորները անկախ չեն և քաղաքական գործերով փաստաբաններին ճնշում են, Հայաստանում ընդհանրապես նմանատիպ նորմ չի կարող գործել»:
«Տեսան, որ փաստաբանների մոտ աժիոտաժ է, բոլորը ստորագրահավաք իրականացրեցին, դա էլ որոշ չափով ազդեց, փորձեցին ժամանակ շահել և տեսնել, թե ոնց կարող են փաստաբաններին լռեցնել, բայց դա իրենց մոտ չի ստացվի, քանի որ մենք զուտ մեր պաշտպանյալների իրավունքներն ենք իրականացրել», - հավելեց փաստաբան Արա Ղարագյոզյանը:
Տուգանքի դրույթը «Դատական օրենսգրքից» «Դատավարական օրենսգիրք» տեղափոխությամբ Արդարադատության նախարարությունը փորձում է խուսափել այդ նորմի հակասահմանադրական ճանաչվելուց՝ նշում է փաստաբան Երվանդ Վարոսյանը․ ֊ «Քննարկումների ընթացքում Արդարադատության նախարարությունը գիտակցեց, որ «Դատական օրենսգրքում» այդ սանկցիան նախատեսելը ինքնին խնդիրներ է առաջացնելու սահմանադրականության հետ կապված և փորձ է անում իր համար ավելի հարմար տարբերակով ավելի հարմար նորմատիվ֊իրավական ակտերում այդ դրույթը նախատեսել»:
Վարոսյանը հիշեցնում է՝ 2007 թվականին, երբ Դավիթ Հարությունյանը կրկին արդարադատության նախարար էր, փորձ արեց առաջ տանել փաստաբաններին տուգանելու այս դրույթը, սակայն համայնքի, ու հատկապես Փաստաբանների պալատի նախագահի կտրուկ դիրքորոշման արդյունքում այդ փորձերը կասեցվեցին։ Երվանդ Վարոսյանը պնդում է՝ Պալատի այժմյան նախագահ Արա Զոհրաբյանը, ունենալով վարչական ռեսուրսները, պարտավոր էր մինչև այս պահը լուրջ քայլերի դիմել։
Նշենք նաև, որ Արա Զոհրաբյանն այսօր հայտարարությամբ դիմել է փաստաբաններին՝ կոչ անելով այս հարցի շուրջ քննարկումներ կազմակերպել, քանի որ, ըստ նրա, հարցը վերջնականապես լուծված չէ, հետևաբար պետք է գտնել ապագա վտանգը ամբողջովին չեզոքացնելու ճանապարհը։