Աշոտյանն ակնկալում է, որ Եվրախորհրդարանը ԵՄ-ՀՀ համաձայնագիրը կվավերացնի մինչև 2019-ի ընտրությունները

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյան, արխիվ

«Մենք ակնկալում ենք, որ Եվրոպական խորհրդարանը Հայաստանի հետ նոր համաձայնագիրը կվավերացնի մինչև 2019 թվականի Եվրախորհրդարանի ընտրությունները», - հայտարարել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը երեկ Բրյուսելում Եվրախորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) խմբակցության արտաքին հարաբերությունների համակարգող Քրիստիան Դան Պրեդայի հետ հանդիպման ժամանակ:

Եվրամիության և Հայաստանի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է անցած տարվա նոյեմբերի 24-ին Բրյուսելում՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ժամանակ: Ակնկալվում է, որ Հայաստանի խորհրդարանը փաստաթուղթը կվավերացնի մինչև այս տարվա մարտի վերջը:

Ազգային ժողովի հանրային կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Բրյուսել քառօրյա աշխատանքային այցի շրջանակում Աշոտյանը երեկ հանդիպումներ է ունեցել նաև Եվրոպական խորհրդարանի ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Սաջադ Քարիմի, ԵԺԿ քաղաքական խմբի փոխնախագահ Սանդրա Կալնիետեի հետ: