Հայաստանը պետք է ուշադրությամբ հետևի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև պատժամիջոցների հակամարտությանը, կարծում է իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը: Նրա կարծիքով՝ այսօր ԱՄՆ-ի հրապարակած «Կրեմլի ցուցակը», որում ընդգրկված են նաև ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը և Սերգեյ Գալիցկին, ռուս-ամերիկյան հակամարտության հերթական հանգրվաններից մեկն է։
«Մենք այդ ամենին պետք է ուշադիր լինենք, պետք է զգույշ լինենք, որպեսզի նման սանկցիաները իրենց տնտեսական արձագանքը էական չթողնեն մեր տնտեսության վրա, պատրաստ լինենք նաև կոմպենսացնելու, մեղմելու այդ ազդեցությունը, եթե դա կլինի», - հավելեց նա:
Այսօր հրապարակված ցուցակը դեռ չի նշանակում, որ դրանում ընդգրկված անձանցնկատմամբ նոր պատժամիջոցներ են սահմանվում կամ նրանց հաշիվները սառեցվում են: Ռուսաստանի իշխող վերնախավն ու ամենահարուստ գործարարներին ընդգրկող 210 հոգանոց ցուցակը այն շրջանակն է, որի վրա հնարավոր է ապագայում տարածվեն Միացյալ Նահանգների պատժամիջոցները: Այս ցուցակում է նաև Հայաստանի էլեկտրական ցանցերի սեփականատեր, միլիարդատեր, «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սամվել Կարապետյանը:
«Արդյո՞ք պախարակելի է, որ մեր հայազգի գործարար Սամվել Կարապետյանն ունի բավականին վստահելի փոխհարաբերություններ, այդ թվում նաև Ռուսաստանի քաղաքական ղեկավար շրջանակների հետ: Անկասկած՝ ոչ», - կարծիք հայտնեց Խոսրով Հարությունյանը: - «Հետևաբար, արդյո՞ք այդ հանգամանքը կարող էր դառնալ Միացյալ Նահանգների համար հիմք՝ Սամվել Կարապետյանին դնել հերթական սանկցիաների տակ: Ես չեմ բացառում, բայց այստեղ, ինչպես ասում են՝ «Лес рубят, щепки летят»: Այսինքն, այնտեղ երբեմն չեն էլ մտածում ինչի մասին է խոսքը գնում»:
Կարապետյանից բացի ցուցակում են նաև այնպիսի ռուս գործարարներ ու պաշտոնյաներ, որոնց պատկանող կամ որոնց ղեկավարած ընկերությունները Հայաստանում ռազմավարական նշանակության ոլորտներ են վերահսկում, օրինակ՝ «Գազպրոմը», «Ռոսնեֆտը», «Ռուսական երկաթուղիները», «ՌոսԱտոմը»: Հարությունյանը կարծում է, եթե անգամ Միացյալ Նահանգները այս ցուցակում ներկայացված անձանց նկատմամբ պատժամիջոցները կիրառի, Հայաստանի վրա դա ուղղակի ազդեցություն դժվար թե ունենա․ - «Այնպես չէ, որ նրանք են կանխորոշում մեր տնտեսական միջավայրն ու մթնոլորտը, հատկապես Եվրամիության հետ վերջին համաձայնագիրը ստորագրելուց հետո»:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է՝ ԱՄՆ հրապարակած ցուցակը ավելի շուտ նախազգուշացման է նման, սակայն դրա հոգեբանական ազդեցությունը հնարավոր է զգալի լինի ռուսաստանյան քաղաքական ու տնտեսական շրջանակներում և որպես հետևանք` նաև Ռուսաստանի հետ սերտ կապեր ունեցող Հայաստանում: Ու թեև քիչ հավանական է, որ օրինակ Սամվել Կարապետյանը առաջիկայում Միացյալ Նահանգների սանկցիաների տակ հայտնվի, նախնական այս ցուցակում հայտնվելը հնարավոր է որոշակի ազդեցություն ունենա առաջիկայում Հայաստանում 1 միլիարդ դոլարի ներդրում խոստացող գործարարի ծրագրերի վրա:
«Դե ֆակտո շատ մեծ է Սամվել Կարապետյանի ներգրավվածությունը ներքաղաքական, ներիշխանական պրոցեսներին, և եթե անմիջականորեն ստացվի այնպես, որ Կարապետյանը հայտնվի պատժամիջոցների տակ, ապա կարծում եմ դա ուղղակի առնչություն կունենա Հայաստանին», - նշեց մեկնաբանը:
Հակոբ Բադալյանը ուշադրություն է հրավիրում նաև ռազմարդյունաբերության ոլորտի վրա, թեև դեռևս ուժի մեջ չեն մտել այդ ոլորտին վերաբերող պատժամիջոցները, սակայն բացառված չէ, որ առաջիկայում Միացյալ Նահանգները կարող է նաև սև ցուցակի մեջ մտցնել Ռուսաստանի ռազմական տեխնիկա արտադրող գործարանները, և Հայաստանը պետք է պատրաստվի այս հեռանկարին․ - «Հայաստանը նաև այս առումով պետք է ձգտի դիվերսիֆիկացնել իր ռազմատեխնիկական կախվածությունը Ռուսաստանից, ապահովել, առաջին հերթին, հնարավորինս ավելի լիարժեք ներքին ռեսուրսները, ռազմաարդյունաբերական ներքին պոտենցիալը և, իհարկե, նաև այլ մատակարարներ թե՛ Եվրատլանտյան բևեռից, և թե՛, օրինակ, Չինաստանից»: