Բաղրամյան 26-ը կդառնա վարչապետի նստավայրը

Երեկ և այսօր e-draft.am կայքում հրապարակված երկու օրենքի նախագծերից («Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց սոցիալական երաշխիքների մասին») պարզ է դառնում, որ կփոփոխվեն ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի նստավայրերն ու նրանց աշխատակազմը։

Մասնավորապես, նոր վարչապետի նստավայրը կլինի ներկայիս նախագահի նստավայրը՝ քաղաք Երևան՝ Բաղրամյան 26-ը։ Նա Երևանում կունենա նաև ծառայողական առանձնատուն, ինչպես նաև պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ։ Ապագա վարչապետը կունենա նաև հատուկ նշանակության ավտոտրանսպորտ, հատուկ սարքավորված ինքնաթիռ և ուղղաթիռ:

Վարչապետը կարող է ունենալ մինչև 600 հոգանոց աշխատակազմ։ Պահուստային ֆոնդ՝ ոչ ավել, քան տարեկան 150 միլիոն դրամի չափով: Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է վարչապետը:

Այսօր շրջանառության մեջ դրված «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի նախագծից էլ պարզ է դառնում, որ պաշտոնաթող վարչապետներին կտրամադրվի անձնական ցմահ պետական պահպանություն։

Վարչապետի պաշտոնավարման ժամանակահատվածում պետական պահպանություն տրամադրվում է նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին:

Երկու նախագծերից երևում է, որ Հանրապետության նոր նախագահը կարող է ունենալ մինչև 180 հոգանոց աշխատակազմ։ Պահուստային ֆոնդ՝ ոչ ավել, քան տարեկան 75 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով: Պահուստային ֆոնդի միջոցները տնօրինում է Հանրապետության նախագահը: Հանրապետության նախագահին սպասարկման նպատակով տրամադրվում են` նստավայր Երևանում (հասցեն՝ Մաշտոցի 47), ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք), պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ, հատուկ նշանակության ավտոտրանսպորտ:

Հանրապետության նախագահի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ:

Պաշտոնաթող Հանրապետության նախագահին տրամադրվում է ավտոտրանսպորտ, և իր ցանկությամբ՝ կահավորված գրասենյակ, որը պետբյուջեի հաշվին կարող է ունենալ մինչև 3 աշխատող։