Հայաստանի երաժշտական ընկերությունն այս տարի նշելու է հիմնադրման 60-ամյա հոբելյանը: 1958 թվականին որպես երգչախմբային ընկերություն այն հիմնադրել և 20 տարի ղեկավարել է Թաթուլ Ալթունյանը, որից հետ էլ ընկերությունը մոտ 20 տարի ղեկավարել է դիրիժոր, խմբավար Էմմա Ծատուրյանը, իսկ 1996 թվականից էլ Հայաստանի երաժշտական ընկերությունը ղեկավարում է Կոմիտասի անվան կոնսերվատորիայի պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը:
Հենց 1996 թվականից էլ հանրահայտ այս երգչախմբային ընկերությունը վերանվանվեց Հայաստանի երաժշտական ընկերության, որն այսօր բազմաբնույթ գործունեություն է ծավալում՝ ազգային նվագարանների, փողային նվագախմբերի, երգչախմբերի և դասական ոկալ արվեստի։
«Մենք ընկերություն ենք, և ինչպես հետաքրքիր ձևով մեկնաբանում է Սվետլանա Նավասարդյանը, լինելով մեր նախագահության անդամ, իրոք իսկական ընկերություն, որը երաժիշտների հավաք է և մենք հպարտությամբ այս տարի պետք է նշենք մեր ընկերության վաթսունամյակը», - «Ազատության» հետ զրույցում նշեց ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանը:
Երաժշտական ասպարեզում հատկապես վերջին տարիների դասական վոկալի՝ դասական երգարվեստի ասպարեզում մեր երիտասարդ արտիստներից շատերը իրական ճանաչման արժանացան տարբեր երկրներում՝ մասնակցելով և հաղթելով այս կամ այն հեղինակավոր մրցույթում: Պարզվում է, սակայն, որ նրանք նախևառաջ Հայաստանի երաժշտական ընկերության մրցույթի հաղթողներ են եղել:
«Մենք այս տարիների ընթացքում՝ վերջին 10 տարում, անց ենք կացրել 6 հանրապետական մրցույթներ, որոնք իրենց մակարդակով ավելի բարձր են, քան որևէ մի միջազգային մրցույթ՝ Գոհար Գասպարյանի անվան, Տաթևիկ Սազանդարյանի անվան, Պավել Լիսիցյանի անվան: Գոհար Գասպարյանի մրցույթի դափնեկիրն էր Մանեն Գալոյան, որը անցյալ տարի Չայկովսկու անվան միջազգային շատ հեղինակավոր վոկալիստների մրցույթում արժանացավ երկրորդ կարգի մրցանակի: Եվ այսպես՝ շատ ու շատ օրինակներ՝ Լիպարիտը Ավետիսյան, Հովհաննեսը Այվազյան, Օհանյան Տիգրանը, Հասմիկ Թորոսյանը», - մանրամասնեց Ղազարյանը:
Հավելենք, որ Հայաստանի երաժշտական ընկերությունը բաժանմունքներ ունի Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում, Կապանում և այլուր: Այդ բաժանմունքներում ընդգրկված են թե՛ ինքնագործ, թե՛ պրոֆեսիոնալ ամենատարբեր երաժշտական խմբեր: