ԱՄՆ ԿՀՎ ղեկավար․ Ռուսաստանը կփորձի միջամտել նաև Կոնգրեսի ընտրություններին

Մայք Փոմփեո, արխիվ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Մայք Փոմփեոն հայտարարել է, թե Ռուսաստանը կարող է կրկին միջամտել ամերիկյան ընտրություններին, այս անգամ փորձելով ազդել Կոնգրեսի առաջիկա միջանկյալ ընտրությունների արդյունքների վրա: Նոյեմբերին ԱՄՆ-ում ընտրելու են Սենատի անդամների մեկ երրորդին և Ներկայացուցիչների պալատի անդամներին:

Պոմպեոն BBC-ի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանը, ինչպես նախկինում, կփորձի ազդել ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում կայանալիք ընտրությունների արդյունքների վրա: ԿՀՎ-ի ղեկավարը հայտարարել է, թե իր կարծիքով Ռուսաստանը թշնամաբար տրամադրված երկիր է, և այդ երկրի հատուկ ծառայությունների ակտիվությունը Արևմուտքում չի նվազում:

Ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալներով՝ Ռուսաստանը փորձել է ազդել ԱՄՆ-ում նախագահի վերջին ընտրությունների վրա: Մոսկվան հերքում է այլ երկրների ներքին քաղաքականությանը միջամտելու՝ իրեն ուղղված մեղադրանքները: