Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը ի վերջո հրապարակեց ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյաների ու նախագահ Պուտինի մերձավոր օլիգարխների ցանկը, որոնք առաջիկայում կարող են հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ:
Կոնգրես ուղարկված ցուցակում կրեմլյան ողջ էլիտան է, այդ թվում՝ ռուսաստանաբնակ հայ գործարարներ Սամվել Կարապետյանը, Դանիլ Խաչատուրովը և Սերգեյ Գալիցկին (Հարությունյան):
«Կրեմլյան զեկույց» կոչվող փաստաթղթում ընդհանուր առմամբ 210 անուն կա՝ Պուտինի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, օգնական Վլադիսլավ Սուրկովը, վարչապետ Դմիտրի Մեդվեդևը՝ 8 փոխվարչապետերի և 22 նախարարների հետ, պետական «Ռոսնեֆտ»-ի ու «Գազպրոմ»-ի ղեկավարները՝ Իգոր Սեչինն ու Ալեքսեյ Միլլերը:
Վաշինգտոնում չեն մոռացել նաև օրենսդիրներին և ուժայիններին. ցանկում են Ռուսաստանի խորհրդարանի երկու պալատների խոսնակները, ներքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը, Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ու գլխավոր դատախազ Յուրի Չայկան:
7-էջանոց ցանկում են նաև Ռուսաստանի ամենահարուստ գործարարները՝ Ռոման Աբրամովիչը, Օլեգ Դերիպասկան, Յուրի Կովալչուկը, Ելենա Բատուրինան և ուրիշներ, որոնք, ըստ զեկույցի, իրենց կարողությունը վաստակել են նախագահ Պուտինի հետ կապերի միջոցով:
Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունը պարտավորվել էր այս զեկույցը Կոնգրես ուղարկել նախագահ Դոնալդ Թրամփի կողմից անցած տարվա օգոստոսին ստորագրված օրենքով, որով նախատեսվում է խստացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները՝ ամերիկյան վերջին ընտրություններին միջամտելու և Ուկրաինայում իրավիճակը ապակայունացնելու համար: Ընդ որում, ըստ օրենքի, վարչակազմը պետք է ոչ միայն առանձնացներ Պուտինի մերձավորներին ու իշխանության առանցքային դեմքերին, այլև մանրամասն Կոնգրեսին տեղեկացներ՝ նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ սահմանափակումը ինչ հետևանքներ կարող է ունենալ:
Վերջնաժամկետի ավարտին ուղարկելով զեկույցը Կոնգրես՝ վարչակազմը, միաժամանակ, չի շտապում Կրեմլի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանել: Երեկ Պետդեպարտամենտը հայտարարեց, թե «եղածն էլ բավարար է», ընդգծելով՝ սա չի նշանակում, թե ցուցակում ընդգրկված անձանց կամ ընկերությունների հաշիվները անմիջապես սառեցվելու են, կամ նրանց նկատմամբ այլ արգելքներ են սահմանվելու:
Փորձագետները, մինչդեռ, փաստում են՝ սա առաջին հերթին հոգեբանական ազդեցություն է ունենալու, շատերը մտավախություն ունեն, որ առաջիկայում արևմտյան բանկերն ու կառույցները պարզապես կնախընտրեն գլխացավանքի տակ չընկնել ու ցուցակում ընդգրկվածների հետ գործարքներ չկնքել: