Իտալական ոստիկանությունից այդ երկրում Հայաստանի դեսպանատանը վստահեցրել են, որ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ կապված խնդիր այլևս չկա, «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
Այսօր կեսօրին Փաշինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել էր, որ Հռոմում ոստիկանները պաշարել են հյուրանոցի իր համարը և փորձել են ձերբակալել իրեն։ Նա նաև լուսանկար է տեղադրել, որտեղ չորս ոստիկաններ շրջապատել են իրեն։
Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ այժմ փորձում են կապ հաստատել պատգամավորի հետ։
Փաշինյանը «Ֆեյսբուքում» գրել է․ - «Պարզվում է՝ ՀՀ իշխանությունները Ինտերպոլով փնտրում են ինձ։ 2008 թվականից փնտրում-փնտրում ու չեն գտնում»։
Հիշեցնենք՝ 2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո Նիկոլ Փաշինյանը հետախուզման մեջ էր, հաջորդ տարվա հուլիսին նա ներկայացել էր Հայաստանի իրավապահ մարմիններին, 2010-ի հունվարին՝ դատապարտվել 7 տարվա ազատազրկման, 2011-ի մայիսին՝ համաներմամբ ազատ արձակվել:
Միջադեպին արձագանքել է Հայաստանի ոստիկանությունը։ Հակադարձելով Փաշինյանին՝ իրավապահները պնդում են, որ 2009 թվականի հուլիսին նրա նկատմամբ հետախուզումը դադարեցվել է։ Այդ մասին, ըստ ոստիկանության, տեղեկացվել է Ինտերպոլի Գլխավոր քարտուղարությանը, ապա` Գլխավոր քարտուղարության կողմից տեղեկացվել են բոլոր անդամ պետությունները:
Ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ազատությանը» ասաց, որ խնդիրը Իտալական ոստիկանությունում է եղել, հավանաբար նրանք չեն թարմացրել հետախուզվող անձանց բազաները։
«Ելք» խմբակցության անդամ, պատգամավոր Էդմոն Մարուքյանը ասաց, որ մանրամասներին տեղյակ չէ, բայց կարծում է` սա ինչ-որ մեկի աշխատանքում թերանալու արդյունք է։ - «Պետք է Ինտերպոլի բազան թարմացված լիներ, այսինքն՝ տեղեկությունները պետք է վաղուց հանված լինեին: Փաշինյանը և՛ Միացյալ Նահանգներ, և՛ Մեծ Բրիտանիա, Եվրոպական տարբեր երկրներ, բազմաթիվ տեղեր այցելել է և նման խնդիր՝ ես չգիտեմ որ եղել է, սա առաջին դեպքն է: Կարծում եմ՝ բազայի պրոբլեմ է, որ թարմացնեին նման խնդիր չէր առաջանա», - մեկնաբանեց պատգամավորը:
Մարուքյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը անձնական այցով է գտնվում Հռոմում։ Թեև դեռ չի ստացվում նրա հետ կապ հաստատել, բայց պատգամավորը կարծում է, որ հիմա ամեն ինչ նորմալ է․ - «Զուտ «Ֆեյսբուքյան» գրառումն է, որտեղ մի քիչ հումորային պահ կա՝ ժպիտ է դրել: Այսինքն՝ ես կարծում եմ միջադեպը հարթվել է զուտ փաստաթղթերը ստուգելով, որովհետև նա իր հետ ունի դիվանագիտական անձնագիր, ԱԺ պատգամավորի վկայական և չեմ կարծում, որ դրանք ստուգելուց հետո իտալական ոստիկանությունը նրան ձերբակալեր»: