Իռլանդիայում հանրաքվե կանցկացվի հղիության արհեստական ընդհատման արգելքի հարցով

Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկար, արխիվ

Իռլանդիայի կառավարությունը որոշել է հղիության արհեստական ընդհատման արգելքի հարցով մայիսի վերջին հանրաքվե անցկացնել:

Վարչապետ Լեո Վարադկարի խոսքով, ընտրողները կպատասխանեն հարցին՝ արդյոք ցանկանում են պահպանե՞լ Սահմանադրության 8-րդ փոփոխությունը, թե՞ չեղարկել այն՝ համապատասխանաբար խորհրդարանին լիազորելով հղիության արհեստական ընդհատման մասին օրենսդրություն ընդունել:

1983 թվականի փոփոխությունը իշխանություններին պարտավորեցնում է հավասարապես պաշտպանել մոր և չծնված երեխայի կյանքի իրավունքը: Կաթոլիկ Իռլանդիան այդպիսով համարվում է աբորտի հարցում Եվրոպայում ամենախիստ օրենսդրությունն ունեցող երկիրը: Հղիության արհեստական ընդհատումը Իռլանդիայում օրինական է համարվում միայն այն դեպքում, երբ կնոջ կյանքը վտանգված է: