ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) փոխտնօրեն Էնդրյու ՄըքՔեյբը նախագահ Դոնալդ Թրամփի և մի խումբ հանրապետականների քննադատությունից հետո հրաժարական է տվել:
Հաղորդվում է, որ ՀԴԲ-ի տնօրենի տեղակալը մարտին պետք է թոշակի անցներ, սակայն դրանից շաբաթներ առաջ որոշել է հրաժարական տալ:
ՀԴԲ-ն չի մեկնաբանում այս պաշտոնանկությունը:
ՄըքՔեյբը քննադատության է ենթարկվել Հիլարի Քլինթոնի կողմից որպես պետքարտուղար պաշտոնավարման ժամանակ անձնական էլեկտրոնային փոստը գործնական նամակագրության համար օգտագործելու փաստով հետաքննության համար: Թրամփը նաև նրան մեղադրել է կողմնակալության մեջ, քանի որ ՄըքՔեյբի կինը Քլինթոնին մոտ կազմակերպություններից մեկից հանգանակություն է ստացել իր նախընտրական քարոզարշավի համար:
ՄըքՔեյբի հրաժարականից մի քանի օր առաջ ՀԴԲ-ի տնօրեն Քրիսթոֆեր Ռեյը փոխել է իր գլխավոր օգնականներին, որոնք նշանակվել էին դեռևս Ջեյմս Քոմիի կողմից:
Անցած տարվա մայիսին, հիշեցնենք, նախագահ Թրամփը պաշտոնանկ է արել Քոմիին, ով հետևում էր 2016 թվականի ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հարցով հետաքննությանը: