Խոշորացված Ախուրյան համայնքին հատկացվող պետական ֆինանսավորումը նվազել է 500 հազար դրամով

Խոշորացումից հետո Ախուրյան համայնքը, որը միավորել է 9 գյուղ այսօր հաստատեց 556 մլն դրամ կազմող բյուջեն: Մոտ 4 ժամ տևեց բյուջեի քննարկումը: Պետության կողմից համայնքներին հատկացվող դոտացիան կոնկրետ խոշորացված Ախուրյանում նվազել է 500 հազար դրամով: Ավագանու անդամներից Հովհաննես Մաթոսյանը հետաքրքրվեց, թե ինչն է պատճառը:

«Ազգաբնակչության պակասելու հետ է կապված», - բացատրեց Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանը: - «Էսօր մենք ունենք հաշվառված բնակչության ռեգիստրում 9256 մարդ»:

6 ամսվա ընթացքում ըստ պաշտոնական տվյալներ միայն Ախուրյանում 61֊ով պակասել է բնակչության թիվը: Մյուս համայնքներից տվյալներ չունեին:

Արտագաղթի պատճառով նաև համայնքային բյուջե մուտքագրվող հարկերը չեն հավաքագրվում: Գյույքահարկի, հողի հարկի պարտքեր կան տարիներով կուտակված, բայց գյուղացին չկա՝ արտագաղթել է: Ախուրյան խոշորացված համայնքում կուտակված ապառքը 205 մլն դրամ է կազմում: Հիմա պատրաստվում են 100 հազար դրամ և ավելի պարտք ունեցող գյուղացուն դատի տալ: Որպես հարցի լուծում Արծրուն Իգիթյանն առաջարկում է արգելանք դնել հողի ու ավտոմեքենայի օգտագործման վրա: Հողի ու ավտոմեքենայի սեփականատերը տարիներով բացակայում են, բայց հողն ու գույքը շահագործում են առանց հարկ վճարելու: Մի օրինակ բերեց համայնքապետը․ - «Ոստիկանության աշխատող է, մեքենան առել է, տեխզննման խնդիրը չունի, իրեն կանգնեցնող չկա: Ո՛չ գույքահարկն է մուծում, ո՛չ տեխզննում է անցնում, ո՛չ էլ զրոյական է պետք: Ավտոն էլ իր անունով չէ: Այսինքն՝ մենք հնարավորություն ունենանք նման ավտոների վրա կալանք դնենք»:

Խոշորացված համայնքներում նաև գույքագրում է անցկացվել: Ի՞նչ է լինելու այն դեպքում, երբ տարիներ շարունակ մի համայնքի ղեկավարից մյուսին փաստաթղթով գույք է փոխանցվել, բայց իրականում չկա, համայնքապետից հետաքրքրվեց ավագանու անդամներից Հովհաննես Մաթոսյանը:

«Դատախազություն ենք տալու ու վերջ», - արձագանքեց Իգիթյանը:

Մաթոսյանը, ով Արևիկ համայնքից ընտրված ավագանու անդամ է, թերևս ամենաակտիվն էր: Վերջինս նաև անդրադարձավ դիզվառելիքի, պարարտանյութի թանկացման հարցին ու առաջարկեց ուղերձով դիմել Կառավարությանը, որ դիզվառելիքի ու պարարտանյութի համար սուբսիդավորում տրամադրի, այլապես գյուղատնտեսությանը մեծ հարված կհասցվի: Ուղերձ կհղեն, թեև Կառավարությունը արդեն հայտարարել է, որ դիզվառելիքի համար սուբսիդավորում լինելու է: