Եղիշե Չարենցի տուն-թանգարանը չեղարկել է Միխեիլ Սաակաշվիլիի «Ուժերի զարթոնք» ինքնակենսագրական գրքի՝ հայերեն թարգմանության շնորհանդեսը:
Միջոցառումը նախատեսված էր թանգարանի սրահում փետրվարի 7-ին։ Նախօրեին, սակայն, Չարենցի տուն-թանգարանի տնօրենը գրքի թարգմանիչ Միքայել Նահապետյանին տեղեկացրել է, որ տեխնիկական խնդիրների պատճառով շնորհանդեսը տեղի չի ունենա։
«Պայմանագիր կնքելու իրավական անհնարինությունների հետ է կապված։ Ընդհանուր առմամբ, մենք քննարկմամբ հասել ենք այդ ձևակերպմանը, որ կողմերի կամքից անկախ հանգամանքներում անհնար է նախապես նշված միջոցառումն էդ վայրում իրականացնելը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Նահապետյանը։
Գրքի թարգմանիչն ասում է՝ ապրելու իրավունք ունի մամուլի այն վարկածը, թե իրականում պատճառը ոչ թե տեխնիկական է, այլ Մշակույթի նախարարությունն է թանգարանի ղեկավարությանը հրահանգել չեղարկել գրքի շնորհանդեսը:
Վրաստանի նախկին նախագահ, այժմ քրեական մի քանի հոդվածներով մեղադրվող և Ուկրաինայում ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող Սաակաշվիլիի գրքի հայերեն թարգմանությունը և նախատեսված շնորհանդեսը Ֆեյսբուքում՝ հենց միջոցառման էջում որոշ քննդատական մեկնաբանությունների պատճառ էին դարձել, թե «Սաակաշվիլին հակահայ գործիչ է», «պաշտոնավարման տարիներին ջավախահայերի է ազատազրկել», «արգելել որոշ հայաստանցիների մուտքը Վրաստան»:
«Տարբեր կողմերից ինձ հասնող այն շշուկներն են, որ իրական պատճառը եղել է նախարարության կողմից հրահանգը։ Եթե նման հրահանգ եղել է, դա ինքնին առանց բացատրությունների շատ վատ երևույթ է, և եթե չի եղել նման հրահանգ, էլի մենք գործ ունենք վատ երևույթի հետ, որովհետև վերջին մեկ տարվա ընթացքում նախարարության կողմից էդպիսի նախադեպեր թույլ տալը հանգեցրել է նրան, որ էդպիսի կարծիքը լեգիտիմություն ունի», - ասաց Նահապետյանը։
Թարգմանիչը, մասնավորապես, հիշեցնում էր ստալինյան բռնաճնշումներին նվիրված ցուցահանդեսի արգելքը Մշակույթի նախարարության կողմից Թումանյանի թանգարանում և «Ոսկե ծիրան» կինոփառատոնից մի ողջ ծրագրի դուրս մնալը նույնասեռականների մասին երկու ֆիլմի պատճառով, սա էլ Կինոգործիչների միության պահանջով:
Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը կտրականապես հերքեց տեղեկությունը, թե Մշակույթի նախարարությունն է արգելել գրքի շնորհանդեսը, պնդեց՝ սրահի վարձակալության պայմանագիրը հնարավոր չեղավ կնքել տեխնիկական պատճառներով։
«Ես հաշվետվությունների մեջ էի, հաշվապահությունը զբաղված էր, և այլն, որևէ պայմանագիր չէի կարող կնքել։ Ես իրեն առաջարկեցի, որ հետաձգի, ինքն ասաց, որ չի կարող», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ասատրյանը՝ պնդելով, որ պատճառներն իսկապես տեխնիկական էին։
Հարցին, թե գրքի բովանդակության, Սաակաշվիլիի ինքնակենսագրական հետ որևէ խնդիր չի՞ տեսնում, տուն-թանգարանի տնօրենը պատասխանեց. - «Ես չեմ էլ տեսել ինչ բան է, ախր եթե մի բանին ծանոթ չեմ, ի՞նչ խնդիր կարող եմ ունենալ»։
Գրքում Միխեիլ Սաակաշվիլին պատմում է 2003 թվականի Վարդերի հեղափոխության, իր իշխանության գալու, իրականացրած արմատական բարեփոխումների մասին, գաղտնազերծում ռուս-վրացական պատերազմի որոշ դրվագներ, գրել է իր և Վլադիմիր Պուտինի անձնական շփումների մասին, անդրադարձել Ուկրաինայում ստեղված վիճակին, Ղրիմի բռնակցմանը:
Թարգմանչին ոգեշնչել է գրքի այն հատվածը, երբ Սաակաշվիլին պատմում է հանցավորության դեմ իր պայքարի մասին։
Միքայել Նահապետյանը կարծում է, որ Հայաստանի այսօրվա իշխանություններին գիրքը դուր չի գա։ «Սկսյալ դիվանագիտական պատճառներից՝ ժեստեր, տարբեր մեսիջներ, վերջացրած նրանով, որ օրինակ մի երկրում, որտեղ հարկային բեռը շեշտակի աճում է, վտանգավոր է մի տեքստ, որտեղ խոսվում է հարկային բեռը 60 տոկոսով կրճատելու, երկիրը «Դուինգ բիզնես» վարկանիշային աղյուսակում 9-րդ հորիզոնական բերելու մասին։ Մարդիկ, ովքեր ունեն ոչ օրինական շահեր, բնականաբար, իրենք խնդիր պետք է տեսնեն էդտեղ», - ասաց Նահապետյանը։
Ինչ վերաբերում է հայտարարություններին, թե Սաակաշվիլին հակահայ գործիչ է, գրքի թարգմանիչն ասում է, որ ընդամենը ընթերցողին է ներկայացրել կառավարման Սաակաշվիլիի մոդելը, տեսլականը։ «Փորձել նաև վրացական օրինակում քննադատաբար մոտենալով հասկանալ՝ ինչը լավ կլիներ, ինչը վատ կլիներ։ Էդ մարդիկ, ովքեր ասում են՝ «նա հակահայ է, եկեք բացառենք նրա գործունեությունը ուսումնասիրելու ցանկացած հնարավորություն», էդ դեպքում եկեք գտնենք, թե ովքեր են հայամետ. Ռուսաստանը հայամե՞տ է»։
2009 թվականին նախագահ Սերժ Սարգսյանը՝ Երևանում հյուրընկալելով վրացի պաշտոնակից Միխեիլ Սաակաշվիլիին, հայ-վրացական դարավոր բարեկամության ամրապնդման, Հայաստանի և Վրաստանի համագործակցության խորացմանն ուղղված գործունեության համար նրան պարգևատրել է Պատվո շքանշանով, որը օտարերկրյա քաղաքացիներին տրվող Հայաստանի բարձրագույն պետական պարգևն է:
Սաակաշվիլին տեղյակ է, որ իր հեղինակած «Ուժերի զարթոնք» գիրքը թարգմանվել է հայերեն, նա տվել է հեղինակային իրավունքը:
Առաջին խմբաքանակը լույս է տեսնում 250 օրինակով: Շնորհանդեսը նախատեսված օրը կայանալու է, թե որտեղ, թարգմանիչը դեռ չի որոշել, ոչ-պետական տարբեր կառույցներից առաջարկներ է ստացել, ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը պատրաստակամություն է հայտնել Ազգային ժողովում իր աշխատասենյակը տրամադրել գրքի շնորհանդեսի համար: