Մեր լավագույն օպերային երգիչներից Գեղամ Գրիգորյանի ծննդյան այս օրը նշանավորվեց Պանթոնում նրան նվիրված հուշարձանի բացմամբ:
Մահկանացուն կնքելուց հետո մեծանուն երգչի երկնային ուղին խորհրդանշող հուշարձանի հեղինակն է վրացի անվանի քանդակագործ, նկարիչ Թեյմուրազ Մուրվանիձեն, որն այսօր ներկա էր իր իսկ հեղինակած հուշարձանի բացման պաշտոնական արարողությանը և հուզմունքով պատմում էր իր և Գեղամ Գրիգորյանի ընկերության մասին, որը տասնամյակների պատմություն ունի և որը սկսվել էր դեռ Սանկտ-Պետերբուրգում՝ Վալերի Գերգիևի ղեկավարած Մարիինյան թատրոնում, որտեղ ինքը գլխավոր նկարիչն էր, իսկ Գեղամ Գրիգորյանը հանդես էր գալիս որպես մենակատար:
Թատրոնում աշխատանքի տարիներին միասին նույն բնակարանում են ապրել և իրենց ընկերոջ՝ Վալերի Գերգիևի հետ հենց այդ բնակարանում էին քննարկում իրենց ստեղծագործական ծրագրերը:
Թեյմուրազ Մուրվանիձեն շեշտեց, որ ինքը ոչ միայն Գեղամ Գրիգորյանի ընկերն է եղել, եղբայրն է եղել, այլև նրա արվեստի երկրպագուն է, որովհետև ասում էր՝ այդպիսի ձայն աշխարհում չի եղել:
Այսօր Կոմիտասի անվան պանթեոնում էին նաև Լիտվայի և Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանները Հայաստանում:
Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասը շեշտում էր, որ Լիտվայում երկար տարիներ աշխատած մեծանուն երգիչը չափազանց սիրված է եղել իրենց երկրում․ - «Գեղամ Գրիգորյանը շատ էր սիրում Լիտվան, սիրում էր մեր դեսպանությունը: Ինձ՝ որպես դեսպան, բախտ է վիճակվել բազմիցս շփվել նրա հետ»:
Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն էլ ընդգծեց, որ ամենուրեք, ուր հանդես է եկել Գեղամ Գրիգորյանը, թողել է իր մեծ, տաք հետքը՝ այդ թվում և Թբիլիսիիում:
Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ հիշեցրեց, որ երկու տարի առաջ՝ 2016 թվականին, երբ տարածվեց Գեղամ Գրիգորյանի մահվան լուրը, մի շարք Եվրոպական օպերային թատրոններ, որտեղ նա երբևէ ելույթ էր ունեցել, 24 ժամ շարունակ հնչեցրեցին նրա կատարումներից: - «Սա խոսում է արտիստի համաշխարհային մեծության մասին», - ընդգծեց նախարարը: - «Մենք այս տարի իրականացնելու ենք նրա երազանքներից մի քանիսը՝ մասնավորապես՝ բացօթյա բեմահարթակի ստեղծումը, մի քանի նոր ներկայացումների բեմադրում և վերաբեմադրումներ»:
Այսօր Գեղամ Գրիգորյանը կդառնար 67 տարեկան: