Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարությունն այսօր Կոնգրեսի հաստատմանն է ներկայացնելու «Կրեմլի ցանկը», որտեղ ընդգրկված Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավորներին, օլիգարխներին ամերիկյան նոր պատժամիջոցներ են սպառնում։
Սա պատժամիջոցների նոր ալիք է, քանի որ մեծ ձկներից բացի, ցանկում ընդգրկվելու են նաև ռուսական երկրորդական ընկերությունները և Կրեմլի հետ բիզնես կապեր ունեցողները։
Եթե Վաշինգտոնը ժամանակին պատժամիջոցներ էր սահմանում Ռուսաստանի պետական խոշոր հաստատությունների և խոշոր գործարարների նկատմամբ, ապա հիմա պատժամիջոցների սպառնալիքի տակ են ընկնում նաև այն ընկերությունները, որոնք շարունակում են բիզնեսը պատժամիջոցների տակ ընկած խոշոր ձկների հետ։ Այս ճանապարհով փակվում է շղթան, որի բաց լինելը Ռուսաստանին հնարավորություն էր տալիս մեղմել պատժամիջոցների ազդեցությունը։
Ռուսական մամուլը գրում է, որ 300 անուն է շրջանառվում։ Ֆինանսական ինստիտուտները քայլեր են ձեռնարկում նվազեցնելու հնարավոր հետևանքները։
Իսկ Ռուսատանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը դա կապել է ընտրությունների հետ։ «Մենք գտնում ենք, որ սա ուղիղ և ակնհայտ փորձ է ինչ-որ գործողություններով ներազդել ընտրությունների վրա։ Մենք դրան համաձայն չենք։ Համոզված ենք՝ որևէ ազդեցություն չի լինի», - ասել է Պեսկովը։
Պուտինի խոսնակը նշել է, որ ցանկի հրապարակումը ինքնին ոչինչ չի նշանակում, դա պատժամիջոցների նոր ալիք չէ։ «Իհարկե, պետք է վերլուծել, ուսումնասիրել, թե ինչ կհետևի ցանկի հրապարակմանը», - ասել է նա։
Պետդեպարտամենտում պատժամիջոցների սահմանելու հարցերի նախկին համակարգող Դենիել Ֆրիդն ասել է, թե ռուսներն ավելի քան մեկ ամիս է շատ անհանգստացած են այդ հարցով։
«Սա մարդկանց վրա անմիջապես կազդի, որովհետև ցույց կտա, որ նրանք անպաշտպան են, որ Միացյալ Նահանգները կարող է հետևել այդ կարգի մարդկանց իսկ Պուտինը չի կարող պաշտպանել նրանց, որ Պուտինի կոռուպցիոն շրջանում գտնվելը, նրա կոռուպցիոն գործողություններին առնչություն ունենալը հետևանքներ կունենան», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Դենիել ֆրիդը։
Այսօր սպասվող ցանկն ամռանը Կոնգրեսում ընդունված Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրենքի շարունակությունն է, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրվելուց հետո ուժի մեջ էր մտել։
Մինչ այս Կրեմլի ցուցակի հրապարակումը, անցած ուրբաթ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ է սահմանել 21 անհատների դեմ, այդ թվում՝ էներգետիկայի փոխնախարար Անդրեյ Չերեզովի, և 9 գործարարների նկատմամբ։