Առաջիկայում մայրաքաղաքային և մարզային տրանսպորտի ծառայությունների սակագինը չի բարձրանա, վարորդների գործադուլների պատճառ ևս չի լինի, վստահեցնում է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
Վերջինս իր հանրապետական գործընկեր Վահրամ Բաղդասարյանի հետ հանդես է եկել օրեսդրական նախաձեռնությամբ, որը, Հարությունյանի խոսքով, նպատակ ունի կանխել նոր Հարկային օրեսգրքով նախատեսված հարկային բեռի ավելացումը հատկապես ուղևորափոխադրողների համար։
«Իրական խնդիրը հետևյալն է՝ ինչպե՞ս անել, որ 2018 թվականին սեղմված գազով ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսների և ավտոբուսների վարորդների հարկային բեռը չտարբերվի 2017 թվականի հարկային բեռից: Եթե վարորդները հայտնվեն այդպիսի վիճակում, նրանք ստիպված պետք է բարձրացնեն ուղեվարձը, որպեսզի կոմպենսացնեն կորուստները»,- «Ազատությանն» ասաց Խոսրով Հարությունյանը:
Այսպիսով՝ հինգշաբթի օրը կառավարության հավանությանն արժանացած նախաձեռնությունն օրենքի վերածվելու դեպքում ուղևորափոխադրողների արտոնագրային հարկի դրույքաչափը կիջեցնի այնքան, որ վարորդներն, ընդհանուր առմամբ, չվճարեն ավելին, քան վճարում էին 2017 թվականին։ «2018 թվականի հուվարի 1-ից ուղևորափոխադրումների վրա տարածվում էր ոչ թե 2017 թվականի հաստատագրված վճարը, այլ արտոնագրային հարկը, բնական է՝ հաշվարկման բոլորովին այլ մոդելով: Մենք, ըստ էության, այդ մոդելը բերել ենք դարձել ենք իդենտիկ, ինչ-որ տեղ նույնը, ինչ նախատեսված էր 2017 թվականին: Մասնավորապես, ես և պարոն Վահրամ Բաղդասարյանը փորձել ենք մեղմել [հարկային բեռը]»,- շարունակեց ՀՀԿ խմբակցության անդամը:
Մի կողմից վառելիքի թանկացումը, մյուս կողմից ուղևորափոխադրողներին նոր Հարկային օրենսգրքի սահմանած՝ արտոնագրային հարկի դաշտ բերելն օրեր առաջ գործադուլի պատճառ էր դարձել՝ մայրաքաղաքի մի շարք երթուղային գծերի վարորդներ պահանջում էին իջեցնել սեղմված գազի գինը (այդ գնի բարձրացումը ևս Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների հետևանք է): Խոսրով Հարությունյանն ասում է, թե վստահ է՝ և՛ վառելիքի թանկացման, և՛ հարկային բեռը մնալու էր ոչ թե գծատերերի, այլ օրվա ապրուստը վաստակող վարորդների վրա: «Հիմա որպեսզի վարորդներն արդարև ծանր վիճակի մեջ չհայտնվեն, մենք գնացինք այս քայլին․ մեր առաջարկի ամբողջ իմաստը սա է՝ փորձել վարորդներին դուրս բերել այն ծանր վիճակից, որում հայտնվել են»,- ասում է Խոսրով Հարությունյանը:
Ուղևորափոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը վստահ է` եթե հանրապետական 2 պատգամավորների այս նախաձեռնությունը չլիներ, գործադուլները, ի հետևանք՝ նաև ուղեվարձի բարձրացումն անխուսափելի էր լինելու, ինչն էլ իր հերթին, հնարավոր է՝ բողոքի նոր ակցիաների պատճառ դառնար։ «Շղթայական ռեակցիայով գնալու էր, բոլորն էին կանգնելու, որը կբերեր ահավոր երևույթների, քաղաքը կմեռներ»,- «Ազատությանն» ասաց Հրանտ Եղիազարյանը:
Խոսրով Հարությունյանը, մինչդեռ, վստահեցնում է՝ իշխող Հանրապետականն այս նախաձեռնությամբ սոցիալական հնարավոր ընդվզումը կանխելու մտադրություն չի ունեցել, այլ պարզապես «վերականգնել է արդարարությունը»։ Ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի կարծիքով էլ՝ արդարությունը պետք է վերականգնել ոչ միայն ուղևորափոխադրողների, այլև բոլոր քաղաքացիների համար՝ իջեցնելով ոչ միայն արտոնագրային, այլև մյուս հարկերի դրույքաչափերը։
«Ակնհայտ է, որ սա ուղղված է այն խմբին, որն արդեն մեկ անգամ բացահայտ դժգոհություն է հայտնել, երկրորդ անգամը կանխելու համար անում են նման փոփոխություններ: Հարցի լուծումը մեկն է՝ այն հարկերը, որոնք բարձրացվեցին և ծանրացան մարդկանց ուսերին հունվարի 1-ից հետո, պետք է բերվեն նախկին տեսքին, որ խնդրին տրվի համընդհանուր լուծում, և արդարությունը չլինի հատվածային՝ միայն փոխադրողների համար»,- «Ազատությանն» ասաց Թանդիլյանը: