Որոշ քաղաքագետների պնդմամբ՝ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքների նախագծերը քայլ են՝ դեպի ավտորիտարիզմ։
Ըստ նախօրեին հրապարակված այդ նախագծերի, ապրիլի 9-ից հետո, երբ Հայաստանն ամբողջությամբ անցում կկատարի խորհրդարանական կառավարման համակարգի, իրավապահ կառույցները, մասնավորապես, ոստիկանությունը, ազգային անվտանգության ծառայությունը, պետական պահպանության և պետական վերահսկողական ծառայությունը, լինելու են ոչ թե կառավարությանն առընթեր, (ինչպես այժմ է) այլ բացառապես վարչապետին ենթակա մարմիններ։ Նրանց ղեկավարներին ու տեղակալներին նշանակելու և ազատելու է վարչապետը։
Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի պնդմամբ, այս փոփոխություններով, ապագա վարչապետն արդեն օրենքի ուժով է հաստատում իր «դիկտատուրան»։ «Հստակ երևում է, որ [այդ օրենքները] երկիրն ավելի ավտորիտար են դարձնելու, թափանցիկությունը սահմանափակելու են: Իշխանության պատասխանատվության այն գործիքները, որոնք քիչ թե շատ գոյություն են ունեցել, այդ օրինագծերը սահմանափակելու են»,- ասաց Գրիգորյանը:
Քաղաքագետի խոսքով՝ այս նախագծերով սահմանվող խաղի նոր կանոնները հակասում են խորհրդարանական կառավարման համակարգի էությանը՝ իշխանությունը գերկենտրոնացվում է մեկ անձի շուրջ․ «Ոչ թե ժողովրդավարական ճանապարհով ենք գնում, այլ ողջ համակարգը մեկ մարդու ծառայեցնելու ճանապարհով: Ուժային կառույցները բերելով անմիջապես վարչապետի վերահսկողության տակ, [վարչապետը] ավելի կենտրոնաձիգ իշխանություն է իր շուրջը ստեղծելու և դրանով ավտորիտարիզմն է ուժեղացնելու»:
Նախագծով սահմանվում է վարչապետի առաջին տեղակալի պաշտոն, կլինեն նաև երկու փոխվարչապետեր ու 18 նախարարություններ։ Վարչապետի որոշմամբ՝ փոխվարչապետերը կհամակարգեն կառավարության գործունեության առանձին ոլորտները։
Ընդ որում, փոխվարչապետերն ու նախարարները հետայսու, ըստ էության, պետք է ավելի զգուշավոր լինեն իրենց խոսքում, քանի որ նախագծի համաձայն, նրանց հրապարակային ելույթները պետք է «համահունչ լինեն կառավարության քաղաքականության հիմնական ուղղություններին»: Վարչապետի մասով նման սահմանափակում չկա։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նկատում է՝ նախարարներն այժմ էլ ընդդիմախոսներ չեն, սակայն այս փոփոխությամբ այլակարծությունն արդեն օրենքով է արգելվում։ «Համակարգն, իհարկե, ակնհայտորեն ձեռնարկում է քայլեր՝ ներքին կարգապահությունն ու վերահսկելիությունը բարձրացնելու համար»,- նշում է Հակոբ Բադալյանը: Արմեն Գրիգորյանն էլ հավելում է՝ այս փոփոխությամբ նոր վարչապետը կառավարությունում նաև գրաքննություն կիրականացնի․ «Կարող է մի նոր օրենք էլ ընդունեն, որ քաղաքացիներն էլ կարծիք չհայտնեն»:
Շրջանառության մեջ դրված այս երկու նախագծերն էլ առաջիկա օրերին կներկայացվեն խորհրդարանի քննարկմանը: Դրանց ընդունման դեպքում հնարավոր է, որ հասարակությունն այլևս չտեղեկացվի կառավարության նիստերի ընթացքում տեղի ունեցած քննարկումների մասին․ համապատասխան նախագիծը սահմանում է, որ կառավարության նիստերը կլինեն դռնփակ, վարչապետի որոշմամբ՝ դրանց մի մասը միայն կարող է անցկացվել բաց ռեժիմով։ Ավելին՝ կառավարության անդամն իրավունք չի ունենա առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել որևէ հարցի շուրջ նիստում ծավալված քննարկման մասին: