Սաուդյան Արաբիայում ազատ է արձակվել արքայազն Ալվալիդ Բին Թալալը

Մեդինա, Սաուդյան Արաբիա, արխիվ

«Ավելի քան երկու ամիս տևած կալանքից հետո այսօր ազատ է արձակվել Սաուդյան Արաբիայի և աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` արքայազն Ալվալիդ Բին Թալալը»:

Այս մասին Reuters գործակալությանը հայտնել են նրա հարազատները: Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի մի շարք անդամների հետ միասին, Բին Թալալը ձերբակալվել էր նոյեմբերի սկզբին` թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանի հրամանով: Բին Թալալին կոռուպցիոն մեղադրանքներ էին ներկայացվել:

Վերջին ամիսներին թագավորական ընտանիքի ձերբակալված անդամները պահվում էին Էր-Ռիյադի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում` Ritz-Carlton-ում: Ազատ արձակվելուց հաշված ժամեր առաջ Բին Թալալին հնարավորություն էր տրվել զրուցել արևմտյան լրագրողների հետ: Այդ զրույցի ընթացքում արքայազնը նշել է, որ իրեն ունեզրկելու փորձեր չեն ձեռնարկվել, և նա շարունակում է վերահսկել Kingdom Holding ընկերությունը:

Անկախ աղբյուրների գնահատմամբ՝ Ալվալիդ Բին Թալալի ընդհանուր կարողությունն այժմ կազմում է ավելի քան 17 միլիարդ ԱՄՆ դոլար: