Բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը պատրաստ է. Վիգեն Սարգսյան

Բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրն արդեն պատրաստ է և ներկայացվել է երկրի ղեկավարին, այսօր ՊՆ վարչական համալիրում կայացած նախարարին կից կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ ծրագիրը նախատեսում է «զինված ուժերը հասցնել նոր ու բացառիկ մակարդակի»։

Կոլեգիայի նիստի ընթացքում նաև ամփոփվել են 2017 թվականի արդյունքներն ու նախանշվել ընթացիկ տարվա հիմնական անելիքները։

ՊՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, ամփոփելով 2017 թվականը՝ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ հայկական զինուժը պատվով կատարել է իր առջև դրված խնդիրները։ Նախարարը շեշտել է, որ 2017-ը հատկապես կարևոր տարի էր պաշտպանական ոլորտին վերաբերող օրենսդրությունն ամբողջությամբ վերանայելու և զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին նոր առանցքային դրույթներ սահմանելու համար:

Անդրադառնալով սոցիալական ծրագրերին՝ նախարարը չափազանց կարևորել է բացառիկ թափանցիկության սկզբունքով գործող Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեության շարունակականությունը:

Վիգեն Սարգսյանը խոսել է նաև առաջիկայում մեկնարկող սոցիալական նոր ու բացառիկ ծրագրի մասին, որը ենթադրում է բնակարանների ձեռքբերման հնարավորություն զինծառայողների համար՝ հիպոթեքային վարկավորման աննախադեպ պայմաններով: Ծրագիրը շուտով կներկայացվի ՀՀ կառավարություն:

Ըստ պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ տարին առանձնացել է ռազմակրթությանը վերաբերող բարեփոխումներով, որոնց մեկնարկը տրվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի` նոր ու գերժամանակակից պայմաններով ուսումնական համալիր տեղափոխությամբ: Առաջիկայում կվերակառուցվի և կվերազինվի նաև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը: