ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ակնկալում են տարածաշրջան այցի ընթացքում հստակեցնել կողմերի դիրքորոշումները

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը Կրակովի հանդիպման ժամանակ, 18-ը հունվարի, 2018թ․

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կայցելեն փետրվարի առաջին տասնօրյակում: Այցի ընթացքում միջնորդները ակնկալում են հստակեցնել կողմերի դիրքորոշումները: Այդ մասին ադրբեջանական APA գործակալության հետ զրույցում հայտնել է Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը:

Ռուսաստանցի դիվանագետը որոշ մանրամասները է պատմել Հայաստանի և Ադրբեջանի կրակովյան բանակցությունների ընթացքից:

Հիշեցնենք, ըստ հայկական կողմի պաշտոնական հաղորդագրության՝ հունվարի 18-ին Կրակովում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը շարունակել են քննարկումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիների շուրջ: Բացի այդ, ինչպես հայտնել են հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջնորդները, նախարարների միջև սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը։

APA գործակալության հետ զրույցում ռուսաստանցի համանախագահը նշել է, որ նախարարները սկզբունքային համաձայնություն են տվել միջնորդների պատրաստած փաստաթղթին, որով կարգավորվելու է լրացուցիչ 7 դիտորդի գործունեությունը: Պոպովը հավելել է, որ մնացել է համաձայնեցնել միայն տեխնիկական դետալները՝ ընդլայնման մեխանիզմը գործարկելուց առաջ:

Ռուսաստանցի համանախագահի խոսքով՝ լեհական Կրակովում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները շարունակել են քննարկումները հակամարտության առավել խրթին կետերի շուրջ, որոնք խոչընդոտում են կարգավորման գործընթացը: Խոսքը մասնավորապես «կարգավիճակի և տարածքների հետ կապված հարցերի» մասին է, շեշտել է դիվանագետը:

Լրագրողի հարցին, թե կա՞ն կոնկրետ առաջարկներ կամ լուծումներ` կապված երկու երկրների նախագահների հանդիպման հետ, Պոպովը պատասխանել է. - «Որպես համանախագահներ` մենք հանդես ենք գալիս բարձր մակարդակով քաղաքական երկխոսության շարունակման օգտին: Միայն կողմերը, քաղաքական կամք դրսևորելով, կարող են հանգել փոխզիջումային լուծումների: Միևնույն ժամանակ, հերթական գագաթնաժողովին պետք է նախորդի նախապատրաստական աշխատանք, առաջին հերթին` ուղղված հանդիպման էության համաձայնեցմանը»:

1994 թվականից ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահի խոսքով՝ իրենք ջանքեր են գործադրում Բաքվին և Երևանին ձեռնտու տարբերակներ առաջարկելու համար, ինչի մասին կխոսեն տարածաշրջան այցի ժամանակ: «Երբ կողմերը պատրաստ լինեն հանդիպման, մենք, նրանց ժամանակացույցը հաշվի առնելով, կառաջարկենք համապատասխան տարբերակներ, այդ թվում՝ հանդիպման անցկացման ձևաչափը և ժամկետը», - եզրափակել է Իգոր Պոպովը: