Կանադան պատասխանել է Ադրբեջանի նոտային

Կանադայի պետական դրոշը, արխիվ

Կանադայի խորհրդարանի երկու անդամների՝ 2017-ի սեպտեմբերին Ղարաբաղ կատարած այցելության առնչությամբ Բաքուն նոտա էր հղել Կանադայի արտաքին գործերի, առևտրի և զարգացման դեպարտամենտին:

Կանադայի խորհրդարանի պատգամավորներ Թոնի Կլեմանին և Ռեյչըլ Հարդերին Ադրբեջանը ընդգրկել է ոչ-ցանկալի անձանց «սև ցուցակում»:

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակը «Թրենդ»-ին ասել է, թե կանադական կողմի պատասխանում նշված է, որ խորհրդարանի երկու անդամները Ղարաբաղ են այցելել ոչ որպես իշխանությունների ներկայացուցիչներ, նրանց այցի մասին կառավարությունը տեղյակ չի եղել:

Ըստ Հիքմեթ Հաջիևի, պատասխանում նշված է, որ Կանադան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ «ներառյալ Լեռնային Ղարաբաղն ու հարակից յոթ շրջանները», «Կանադան չի ճանաչում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» և նրա «պաշտոնական ներկայացուցիչներին»: Ընդգծված է, որ Կանադայի կառավարությունը աջակցում է հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակը: