Եվրախորհրդարանի շվեդ պատգամավորը այցելում է Լեռնային Ղարաբաղ

Լեռնային Ղարաբաղ է այցելում Եվրախորհրդարանի շվեդ պատգամավոր Լարս Ադակտուսոնի գլխավորած պատվիրակությունը։

Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, պատվիրակությանը երեկ ընդունել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը։

Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղ-Եվրոպա կապերին վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական փոխգործակցության զարգացմանը:

Բակո Սահակյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում շահագրգռված են Եվրոպական խորհրդարանի և եվրոպական այլ կառույցների հետ հարաբերությունների խորացմամբ ու ընդլայնմամբ՝ հավելելով, որ դա ԼՂ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է:

Այսօր շվեդ պատգամավորի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։

Հանդիպման ընթացքում արտաքին գործերի նախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, մասնավորապես՝ Ղարաբաղի միջազգային ճանաչման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներում առաջընթացի ձեռքբերմանն ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Անդրադառնալով ԼՂ պետականաշինության գործընթացում առկա ձեռքբերումներին՝ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է Ղարաբաղի ժողովրդի և իշխանությունների հավատարմությունը ժողովրդավարական արժեքների հիման վրա անկախ պետականության ամրապնդմանը։

Այս համատեքստում Մասիս Մայիլյանը վերահաստատել է ԼՂ պատրաստակամությունը ԵՄ հետ համագործակցության հարցում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ԵՄ համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի հետ իր ներդրումը կունենա տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման գործում, քանի որ կցուցադրի Ղարաբաղի մեկուսացմանն ուղղված Ադրբեջանի քաղաքականության անթույլատրելիությունը՝ որպես հակամարտության կարգավորման միջոց։