Զարուհի Փոստանջյանը պատրաստ է իր ղեկավարած «Երկիր Ծիրանի» կուսակցության գրասենյակում հյուրընկալել Հանրապետականի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին, սակայն պնդում է՝ Սերժ Սարգսյանի նախաձեռնած «թատրոնին» չի մասնակցելու:
Ընդդիմադիր գործչի համոզմամբ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը Հայաստան է գալիս իբրև «զբոսաշրջիկ» և չի կարող ներկայացնել Հայաստանի շահերը։
Հիշեցնենք՝ նախագահի թեկնածու լինելու առաջարկը ստանալուց հետո, Արմեն Սարգսյանը նախագահ Սերժ Սարգսյանից ժամանակ է խնդրել՝ որոշում կայացնելու համար:
«Միանշանակ է, որ սա ընտրություն չէ, այլ ընդհակառակը՝ մի կեղծ գործընթաց է, որի մեջ ներքաշում են մարդկանց, և այդ մարդիկ, իհարկե, պետք է ծառայեն այս ապօրինի գործող ռեժիմին։ Հիմա անունը կլինի Արմեն Սարգսյան, կամ մեկ այլ անուն, դա մեզ համար էական չէ, բայց, եթե դիտարկում ենք այս անուն-ազգանունը, ապա հասկանում ենք, որ այս անուն-ազգանունը ընդհանրապես կապ չունի մեր ազգային շահի հետ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը՝ շարունակելով. - «Նայեք՝ 1996 թվականին նրան կանչում են, որպեսզի նա պաշտոնավարի որպես վարչապետ, իսկ1996 թվականն ամենացավալի և կործանարար հարվածն էր հայ ազգին և Հայաստանի ժողովրդավարությանը, երբ կեղծվեցին առաջին նախագահական ընտրությունները։ Եվ նրա առաքելությունը՝ գալ և մի քանի ամիս այստեղ անցկացնել, որպեսզի կարողանա ինչ-որ չափով մեղմել վիճակը, և ինքն այդ առաքելությունը կատարեց, և այդ ժամանակ նա լռել է, որ տեղի են ունեցել համատարած կեղծիքներ»։
Դիտարկմանը, թե նա ընդամենը 4 ամիս պաշտոնավարեց, Փոստանջյանն այսպես արձագանքեց. - «Գիտեք, լռելը հանցագործություն էր այդ պարագայում, համակերպվելը և համամիտ լինելն այդ ապօրինությունների հետ՝ նույնպես հանցագործություն է։ Հիմա, եթե ես թվարկում եմ քաղաքական տեսանկյունից, ապա ակնհայտ է, որ նա քաղաքական գործիք է այս ապօրինի իշխանությունների ձեռքին»։
Հարցին, թե ինչո՞ւ հենց նրա վրա կանգ առավ Սերժ Սարգսյանը, ընդդիմադիր գործիչը պատասխանեց. - «Նա այստեղ ունի քաղաքական հետաքրքրություններ և տնտեսական հետաքրքրություններ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նա նաև տնտեսական շահեր և հետաքրքրություններ ունի Ամուլսարի շահագործման հետ կապված։ Փաստացի մեր ազգային հարստությունը՝ ոսկին, նա ցանկանում է այդ սարից նորից յուրացնել, տեղափոխել»։
Եթե Արմեն Սարգսյանը չգար նախագահ և մնար Մեծ Բրիտանիայում դեսպան, ապա այդ տնտեսական շահերը չէ՞ր կարողանալու ապահովել՝ այս հարցին էլ Փոստանջյանն այսպես պատասխանեց. - «Ավելի կընդլայնվի, ավելի դյուրին կդարձնի տնտեսական շահերը, իսկ երբ իր կենսագրությունը մենք հետազոտում ենք, ապա հասկանում ենք, որ այս մարդը զուգահեռ, փաստացի, լինելով դեսպան՝ պետական պաշտոնյա, չես հասկանում, թե ինչպես է նա զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, մինչդեռ նա զուգահեռ դեսպան լինելով՝ չի ներկայացրել մեր շահերը տվյալ պետությունում, որովհետև նորից լռել է, մենք այդ մասին ոչինչ չգիտենք, որ ինքը ինչ-որ գործունեություն է ծավալել։ Անձամբ ես՝ լինելով Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում մի քանի տարի որպես մեր պատվիրակության ներկայացուցիչ, չեմ տեսել, որ Մեծ Բրիտանիայի պատգամավորները հայամետ դիրքորոշումներ հայտնեին, մեկը կամ երկուսը կարող էր այդպիսին լինել, բայց դա մեր շնորհիվ էր և իմ նաև իմ աշխատանքի շնորհիվ էր, բայց դեսպանատան աշխատանքի շնորհիվ որևիցե գործունեություն ես այնտեղ չեմ տեսել, տեսել եմ միայն լռություն, դեռ ավելին՝ բրիտանական պատգամավորները սպասարկում են թուրք-ադրբեջանական շահը»։
Հարցազրույցն ամբողջությամբ տե՛ս այստեղ.