Արփինե Հովհաննիսյան․ ԵԽԽՎ-ը ադրբեջանցի պատվիրակի բանաձևը ընդունել է առանց հակահայկական ձևակերպումների

ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյան, արխիվ

Երեկ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակ Սևինջ Ֆատալիևայի «Զինված հակամարտությունների հետևանքով տուժած երեխաների պաշտպանությունը» զեկույցը ընդունվել է առանց հակահայկական ձևակերպումների: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը։

«Հայկական պատվիրակության հսկայածավալ աշխատանքի արդյունքում և ԵԽԽՎ գործընկերների աջակցությամբ հաջողվեց բանաձևի տեքստից հանել բոլոր ոչ հայանպաստ ձևակերպումները, որոնք տեղ էին գտել բանաձևի նախապատրաստման սկզբնական շրջանում», - գրում է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահը:

Ըստ Հովհաննիսյանի՝ «զեկույցի վերաբերյալ քննարկումների ընթացքում ադրբեջանցի պատվիրակներին մնում էր միայն հանդես գալ մերկապարանոց ելույթներով, ինչին հայ պատգամավորները տվեցին արժանի պատասխան»։