Ֆերմերները մտահոգ են՝ շարունակվող գնաճի պայմաններում կարտոֆիլի մշակումը ևս կարող է դառնալ մենաշնորհ

Կարտոֆիլ մշակող ազատանցի ֆերմերները համոզված են, որ դիզվառելիքի, սերմացուի և պարարտանյութի թանկացումը չի կարող ազդեցություն չունենալ գյուղմթերքի արժեքի վրա: Գևորգ Աբրահամյանը մոտավոր հաշվարկներ է արել՝ պարզելու, թե այս տարի կարտոֆիլ մշակելու համար որքան հավելյալ գումար է ներդնելու։

«Եթե նյութերի, բուժանյութերի, սերմացուի, ամեն ինչի համար թանկ վճարեցի, իմ մոտավոր հաշվարկով մի հինգ տարվա կտրվածքով [կարտոֆիլ] արտադրելու համար մոտավորապես 800-ից 1000 դոլար ավելի ծախս է անելու արտադրողը 1 հեկտարի համար»,- ասում է ֆերմերը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ կարտոֆիլի գինն աճել է միջինը 28 տոկոսով: Եթե մինչև ամանոր կարտոֆիլի 1 կգ-ն շուկայում վաճառվում էր 160-180 դրամով, ապա հիմա՝ 180-ից 200 դրամով: Խանութներում կարտոֆիլն ավելի թանկ է՝ 220-250 դրամ: Ո՞րն է կարտոֆիլի թանկացման պատճառը: Շուկայում և խանութներում վաճառողները խուսափում էին այս մասին խոսել, բայց և դժգոհում էին, որ գնորդ չկա․ «ժողովրդի ձեռն ընդհանրապես փող չկա, ու առևտուր էլ չկա»:

Ազատանում ասում են, որ այս պահին արտադրողները կարտոֆիլի գինը գրեթե չեն բարձրացրել, և ապրանքը թանկացնողը հիմնականում վերավաճառողներն են: Գագիկ Պողոսյանը, սակայն, առաջիկայում արտադրողի կողմից թանկացման հեռանկար տեսնում է: «Այս տարվանից արդեն կառավարության կողմից չի սուբսիդավորվելու պարարտանյութն ու դիզելային վառելիքը, որն իր հերթին երևի կբերի դրանց թանկացմանը: Պարզ է, որ օգտագործված թանկ պարարտանյութն էլ բերելու է գյուղատնտեսական ապրանքների թանկացման»,- ասաց Պողոսյանը:

Ֆերմերները մեկ այլ մտահոգություն էլ ունեն: Այս տարվանից Եվրոպայից ներկրվող կարտոֆիլի սերմացուի համար հարկ են վճարելու: «Նախկինում չի եղել նման բան, դեռ չգիտենք որքանով են հարկելու, ասում են 5 տոկոս, 7 տոկոս, չգիտեմ»,- ասում է ֆերմերը: Ընդ որում՝ Եվրոպայից ներկրվող սերմացուի համար եվրոյով են վճարելու: Այսօր տարադրամի շուկայում եվրոյի փոխարժեքն աճում է՝ բարձրացնելով նաև կարտոֆիլի սերմացուի գինը:

Եթե նման գնաճի պայմաններում շարունակեն զբաղվել կարտոֆիլի արտադրությամբ, Գագիկ Պողոսյանի կանխատեսմամբ՝ իրենք վնաս կկրեն: Գևորգ Աբրահամյանի կարծիքով էլ՝ եթե այսպես շարունակվի, մանր ֆերմերները կսնանկանան, և կարտոֆիլի մշակումը նույնպես կդառնա մենաշնորհ․ «Արդյունքում դուրս է գալու, որ մի քանի հոգի են արտադրելու, ով շատ մեծ հնարավորություն ունի»: