Միջազգային կարևոր միջոցառումներից առաջ կամ հետո Բաքուն միշտ էլ դիմում է սադրանքի․ Ստեփանակերտ

ԼՂ ՊԲ ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացնում շփման գծի մերձակայքում, արխիվ

Հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 2-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձի հետևանքով ղարաբաղյան կողմը կորուստներ և վիրավորներ չունի։ Այս մասին «Ազատությանն» ասաց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։

«Իրավիճակը կայուն է և լրիվ վերահսկվում է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կողմից: Այս պահի դրությամբ որևէ այլ արտառոց դապք տեղի չի ունեցել»,- նշեց ղարաբաղցի պաշտոնյան:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան, մասնավորապես, Կուրոպատկինոյի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ԼՂ պաշտպանության բանակի առաջապահ ուժերի կողմից «հավաստանշվել է ադրբեջանական հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ»։ Հաղորդագրության համաձայն՝ ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկջոկատայինները հետ են շպրտվել:

ԼՂ ՊԲ-ն հաղորդում է նաև, որ նախնական տվյալներով՝ հակառակորդի կողմից կան կորուստներ: Ըստ ադրբեջանական APA լրատվական գործակալության, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն, իր հերթին, հերքել է ղարաբաղյան կողմի պնդումները՝ վստահեցնելով, թե ադրբեջանական բանակն ամբողջովին պահպանում է հրադադարն ու որևէ կորուստ չունի:

«Ազատության» հետ զրույցում Դավիթ Բաբայանը նաև հետևյալ դիտարկումն արեց՝ միջազգային հարթակներում հակամարտության կողմերի համար կազմակերպվող ամեն հանդիպումից հետո Ադրբեջանի իշխանությունները նման քայլի են դիմում։ Բաբայանը հիշատակեց նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի երեկ ունեցած ելույթը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում։ Սարգսյանը պատասխանելով ադրբեջանցի պատգամավորի հարցին՝ ասել էր․ «Դուք ուզում եք Ադրբեջանի կազմ վերադարձնել Ղարաբաղը։ Ցավոք սրտի, այլատյացությունն Ադրբեջանում այնքան է զարգացել, որ արդեն դուք բացահայտ հայտարարում եք, որ Ղարաբաղը ձեզ պետք է առանց հայերի, անհնար է, դա երբեք չի լինելու»։

«Ուրեմն նոր եղել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կրակովյան հանդիպումը, համանախագահների միջնորդությամբ, այնուհետև Հայաստանի նախագահը հանդես եկավ կարոր մի ելույթով եվրապական հարթակներից մեկում: Բացի դրանից՝ ներկա դրությամբ Ստեփանակերտում է գտնվում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը: Հիմա այս ամենի ներքո ադրբեջանական կողմը դիմում է այսպիսի աննարմալ քայլի, ինչի՞ համար, որևէ տրամաբանություն չկա»,- շարունակեց Դավիթ Բաբայանը:

Բաբայանն ահաբեկչություն է որակում Ադրբեջանի գործողությունները, պնդելով՝ ադրբեջանական ժողովուրդն իրենց թշնամին չէ, իրենք հրադադարի հաստատումից հետո էլ փորձում են Ադրբեջանի հետ գոյատևել որպես հարևաններ: «Եթե մենք ատելությամբ լցվենք, դա թույլ չի տա նորմալ զարգանալ: Մենք պետք է ունենանք անվտանգության այնպիսի մեխանիզմներ, որ կարողանանք ինքներս մեր ներուժով ապահովել մեր անվտանգությունը: Դրա համար ենք ասում, որ այս հակամարտության կարևորագույն բաղադրիչը անվտանգության հիմնախնդիրն է»,- շարունակեց Դավիթ Բաբայանը:

Ի պատասխան հարցին՝ շփման գծում տեսագրող սարքերի տեղադրումը որքանո՞վ է նպաստել ադրբեջանական զինուժի գործողությունների կանխմանը, նա ընդգծեց՝ հատկապես ապրիլյան պատերազմից հետո դիվերսիոն գործողությունների թիվը կտրուկ նվազել է․ «Ոչ թե Ադրբեջանն է հրաժարվել, այլ պարզապես իրենք չեն կարողանում դա իրականացնել: Այս վերջին փորձը դրա վառ ապացույցն է: Մենք բազմիցս ասել ենք, որ պատրաստ ենք նկարահանման այդ նույն սարքավորումները տրամադրել նաև միջազգային հանրությանը»:

Հայաստանի կառավարության այսօրվա նիստից հետո անցած գիշեր տեղի ունեցած դիվերսիոն փորձին է անդրադարձել նաև Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, ասելով՝ նորություն չէ, որ միջազգային հանդիպումներից առաջ, ընթացքում կամ հետո Ադրբեջանն ակտիվացնում է իր նման քայլերը։

«Այստեղ կարելի է մի ենթադրություն անել՝ արտգործնախարարների վերջին հանդիպումը, որի ժամանակ Ադրբեջանը ստիպված գնաց որոշակի քայլերի՝ ուղղված Կասպշիկի խմբի ընդլայնմանը, դա իրենց ձեռնտու չէր, և հիմա այդպես են արտահայտում իրենց դժգոհությունը: Բայց մյուս կողմից պարտադրված գնում են քայլերի, որոնք նախանշված են դեռևս Վիեննայի պայմանավորվածությամբ»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը ևս ադրբեջանական կողմի դիվերսիոն փորձը կապում է նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա ելույթի, մասնավորապես, ադրբեջանցի պատգամավորի հարցերին տրած պատասխանների հետ։ «2016 թվականի ապրիլից հետո ձևավորված պայմաններում, իմ կարծիքով, ավելի ճիշտ է ադրբեջանցիներին անկեղծ ասել այդ բանը, և ինքը դա ասաց: Ու ես կարծում եմ, որ դա [դիվերսիոն փորձը] պատասխանն է հենց այդ խոսքերի»,- «Ազատության» հետ զրույցում նշեց քաղաքագետը:

Նշենք, որ այսօր ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղից դեպի հյուսիս ընկած հատվածում։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, սակայն խիտ մառախուղի պատճառով հնարավոր չի եղել տեսողական կապ հաստատել շփման գծի երկու կողմերում դիտարկում իրականացնող խմբերի միջև։