Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևն իր հույն պաշտոնակից Ալեքսիս Ցիպրասի հետ է հանդիպել Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում:
Զաևը Ցիպրասին ասել է, թե Մակեդոնիան կփոխի մայրաքաղաք Սկոպյեի միջազգային օդանավակայանի և Մակեդոնիայից Հունաստան տանող ավտոմայրուղու անունները: Երկուսն էլ հիմա կրում են Ալեքսանդր Մեծի անունը:
«Ցանկանալով ցույց տալ լուծում գտնելու մեր պատրաստակամությունը, ես հայտնում եմ, որ մենք կփոխենք օդակայանի և մայրուղու անունները», - Դավոսում ասել է Զորան Զաևը:
1991 թվականին անկախանալով Հարավսլավիայից, Մակեդոնիան պահպանել է կոմունիստական ժամանակաշրջանում ընդունված անունը: Դա զայրացրել է հարևան Հունաստանին, որտեղ այդ անունը համարում են Հունաստանի նկատմամբ տարածքային ոտնձգության վկայություն: Հունաստանում կա «Մակեդոնիա» անվամբ երկրամաս:
Աթենքը վեճի առնչությամբ արգելափակում է Մակեդոնիայի անդամակցումը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին: Հունաստանի պնդմամբ՝ մինչև վեճի կարգավորումն այդ երկիրը միջազգային ատյաններում կոչվում է «Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետություն»: