Թրամփը Դավոսում կհանդիպի Մեյի, Նեթանյահուի հետ, ելույթ կունենա Տնտեսական ֆորումում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, հունվար, 2018թ․

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպումներ կունենա Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի, Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ:

Ըստ պաշտոնական Վաշինգտոնի՝ Մեյի հետ Թրամփը քննարկելու է իրավիճակը Հյուսիսային Կորեայի, Սիրիայի շուրջ, ինչպես նաև գերտերությունների և Իրանի միջև 2015 թվականի հուլիսին կնքված միջուկային պայմանագրի հարցը:

Միացյալ Նահանգների նախագահի հանդիպումը Իսրայելի վարչապետի հետ կլինի առաջինը Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին Թրամփի հայտարարությունից հետո:

Արդեն վաղը՝ հունվարի 26-ին Միացյալ Նահանգների նախագահը Դավոսի համաժողովում հանդես կգա իր հիմնական զեկույցով:

Սպիտակ տան տնտեսական խորհրդատու Գարի Քոնը ավելի վաղ հայտնել է, որ իր ուղերձով Թրամփը կոչ է անելու ներդրումներ կատարել Միացյալ Նահանգներում՝ միևնույն ժամանակ ընդգծելով իր «Նախևառաջ՝ Ամերիկան» քաղաքականությունը և «տնտեսական ազնիվ մրցակցության» անհրաժեշտությունը: