Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համակարգող Աճիմ Շթայների (Achim Steiner) հետ:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, կողմերն անդրադարձել են Հայաստանում Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական Կենտրոնին, որը ՀՀ կառավարության և ՄԱԿ-ի համատեղ նախաձեռնությունն է և առաջին նմանատիպ կենտրոնն է աշխարհում:
Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է ընդլայնել համագործակցությունը՝ մասնավորապես գյուղական համայնքներում ջրային ռեսուրսների կառավարման, անտառների կառավարման և այլ ոլորտներում:
Վարչապետը և ՄԱԶԾ ներկայացուցիչն անդրադարձել են նաև մի շարք գլոբալ մարտահրավերների և համատեղ ուժերով դրանց դիմակայման խնդիրներին: