Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի Դավոս այցի երրորդ օրը մեկնարկել է իսպանական «Ակցիոնա» ընկերության ղեկավարների հետ հանդիպումով:
«Ակցիոնա»-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժոզե Մանուել Էնտրեկանալեսի և «Ակցիոնա Էներջի» (ACCIONA Energy) գլխավոր գործադիր տնօրեն Ռաֆայել Մատեո Ալկալայի հետ քննարկվել են արևային և հողմային էներգետիկայի ու ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում համագործակցության հնարավորությունները:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ վարչապետը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է, որպեսզի ընկերության կողմից Հայաստանում մեկնարկած ծրագրերն ընդլայնվեն և ընդգրկեն ոչ միայն վերականգնվող էներգետիկայի, այլև ջրային ռեսուրսների կառավարման ոլորտը, որտեղ բավականին լուրջ բարեփոխումներ են մեկնարկել։
«Ակցիոնա»-ի ներկայացուցիչները գոհունակություն են հայտնել վերականգնվող էներգետիկայի բնագավառում ստեղծված բարենպաստ ներդրումային միջավայրի կապակցությամբ և նշել, որ նախատեսում են տեսանելի ապագայում այցելել Հայաստան՝ տեղում ներդրումային այլ հնարավորություններին ծանոթանալու նպատակով:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ենթակառուցվածքների ոլորտում իրականացվող ծրագրերին և զարգացման ուղղություններին:
«Աշխարհի ավելի քան 40 երկրներում գործող «Ակցիոնա» ընկերությունը Իսպանիայի խոշոր բիզնես ընկերություններից է, որն առաջատար է ենթակառուցվածքների զարգացման, վերականգնվող էներգետիկայի, ջրային ռեսուրսների կառավարման և ծառայությունների ոլորտներում: Ընկերությունն այլընտրանքային էներգետիկայի արտադրությանն ուղղված ծրագրեր է իրականացնում նաև ՀՀ Գեղարքունիքի մարզում», - ասված է պաշտոնական հաղորդագրությանը կից տեղեկանքում: