ՏՄՊՊՀ-ն սկսեց քննել Բագրատաշենում ապահովագրական ծառայությունների մատուցման շուրջ Մարուքյանի դիմումը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր սկսեց քննել «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի դիմումը՝ Բագրատաշենի անցակետում ապահովագրական ընկերությունների համար ստեղծված անհավասար մրցակցային պայմանների հարցով:

Պետական եկամուտների կոմիտեն դեկտեմբերի 22-ին մրցույթ էր հայտարարել, որի արդյունքում Բագրատաշենի մաքսակետի տարածքում 11 քառակուսի մետրով տարածքը հատկացրել էր «Թոփ-Սփին» ընկերությանը: Ընդ որում, «Թոփ-Սփինը» հայտարարված աճուրդի միակ մասնակիցն էր: Աճուրդից հետո Բարգատաշենի անցակետի մոտակայքում գործող ավելի քան 4 տասնյակ ապահովագրական գործակալներ բողոքի ակցիաներ անցկացրեցին՝ մի քանի անգամ փակեցին ճանապարհը, պնդելով, թե ՊԵԿ-ը հակամրցակցային պայմաններ է ձևավորել, ինչից հետո պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմում հղեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով՝ պահանջելով վարույթ հարուցել ստեղծված իրավիճակը պարզելու համար:

Հանձնաժողովում պատգամավորի ներկայացուցիչ, «Ելք»-ի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարեց՝ Պետեկամուտների կոմիտեն աճուրդով այդ տարածքը տալով միայն մեկ ընկերության՝ ստեղծել է հակամրցակցային պայմաններ։

«Ակնհայտ է, որ ծառայությունը ավելի հասանելի է մաքսատան տարածքում, ինչը նշանակում է, որ մաքսատան տարածքից դուրս գտնվող կազմակերպությունները մրցակցությունից ակնհայտորեն դուրս են մղվում», - նշեց Խաժակյանը:

Նշենք, որ «Թոփ-Սփին» ընկերությունը ներկայացնում է «Նաիրի Ինշուրընս» և «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերությունները։

Քննարկմանը ներկա էր ընկերության ներկայացուցիչ Հայկ Մելքոնյանը, որն ասաց՝ բացի Բագրատաշենի և Բավրայի մաքսակետերից, իրենց նաև Մեղրիի մաքսակետում է առանձնացված տարածք հանձնվել։ Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հարցրեց՝ արդյո՞ք «Թոփ-Սփինը» պատրաստ է աշխատել նաև մյուս ապահովագրական ընկերությունների հետ՝ աճուրդով իրենց տրված տարածքներում ներկայացնելով նաև բողոքող ապահովագրական ընկերություններին։ Մելքոնյանն արձագանքեց՝ «մնացած չորս ապահովագրականներին նույնպես ներկայացվել է դիմում համագործակցության համար»:

Դավիթ Խաժակյանն «Ազատության» հարցին ի պատասխան շեշտեց՝ այն, որ այս ընկերությունը միայնակ մասնակցել է աճուրդի՝ դառնալով միաժամանակ երեք տարբեր մաքսակետերում միակ գործունեություն իրականացնողը, խոսում է միտումի մասին․ - «Դա խոսում է նրա մասին, որ ՊԵԿ-ը միտումնավոր տրամադրել է այդ ընկերությանը այդ հնարավորությունը, արել է դա մրցութային կարգով, ինչպես որ սահմանում է օրենքը, բայց դա անուղղակի մրցակցության խաթարում է կամ հենց ուղղակի մրցակցության խաթարում է»:

«Արմենիա» ապահովագրական ընկերության Տավուշի մարզի ներկայացուցիչ Կարեն Մալխասյան «Ազատությանը» փոխանցեց, որ «Թոփ Սփինի» առաջարկը իրատեսական չէ։ Ասաց, որ խնդիրը կարող է լուծվել միայն այդ ընկերությանը մաքսակետերի տարածքից հանելով։ Այդ դեպքում կստեղծվեն հավասար պայմաններ։ Կարեն Մալխասյանն ասաց, որ առաջարկել են «Թոփ-Սփինին» հատկացրած տարածքում իրենց տեղ հատկացնել, ինչը արդյունավետ լուծում չէ։ Նշեց նաև, որ կայացված աճուրդը ձևական է։