Ըստ տնտեսագետի, իրականում գնաճը շատ ավելի զգալի է, քան ներկայացվում է

Երևանյան շուկաներից մեկում, արխիվ

Թանկացումների պատճառներն ու գնաճի ազդեցությունը մեղմելու հնարավորությունները քննարկելու համար երեկ խորհրդարանում անցկացված լսումների ընթացքում, ըստ տնտեսագետ Արտակ Մանուկյանի, շատ քիչ խոսվեց այն մասին, թե կառավարությունն ինչ է կարող է թանկացումների հետևանքները վերացնելու համար: Ելույթ ունեցող պաշտոնյաներն ավելի շատ հավաստիացնում էին, որ գնաճն առանձնապես շոշափելի չէ՝ ընդամենը 2,6 տոկոս, մինչդեռ հարևան երկրներում այդ առումով ավելի վատ վիճակ է։ Երեկ Կենտրոնական բանկի նախագահը ներկայացրեց տվյալներ, ըստ որոնց Վրաստանում գներն աճել են գրեթե 7, իսկ Ադրբեջանում՝ 8 տոկոսով:

«Երբ մենք սկսում ենք արդեն ուռա հայրենասիրական բաներ, այսինքն՝ տեսեք՝ Վրաստանում, Ադրբեջանում էսպես է, ոնց որ մեր հարևանի դժբախտությամբ կամ խնդիրներով ավելի շատ մտահոգված լինենք, քան սոցիալական հիմնական բեռը կրող մեր ազգաբնակչությամբ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Մանուկյանը:

Ըստ ԱՎԾ-ի, 2017-ի արդյունքով Հայաստանում գնաճը կազմել է 2,6 տոկոս, ինչը համարվում է թույլատրելի։ Մինչդեռ տնտեսագետը սեփական հաշվարկներն է ներկայացնում, որոնց համաձայն՝ հայաստանցիների առօրյա ծախսերի մեջ գնաճը շատ ավելի նկատելի ազդեցություն է ունեցել․ նվազագույն պարենային զամբյուղի մեջ մտնող ապրանքների մեծ մասը թանկացել է, իսկ դրանում միայն այն մթերքներն են ներառված, որոնցով մարդը պարզապես իր ֆիզիկական գոյությունը կարող է ապահովել:

Ըստ Արտակ Մանուկյանի, խորհրդարանական լսումների ընթացքում տրված միակ խոստումը հետևյալն էր՝ հնարավոր է, որ պետությունը գյուղացիների համար սուբսիդավորի թանկացած դիզվառելիքի ձեռքբերումը: Տնտեսագետը, սակայն, վստահ է՝ դա խնդրի լավագույն լուծումը չէ: «Բնակչության իրական գնողունակությունը բարձրացնելու մեխանիզմներից վատագույնը սուբսիդավորումն է: Երբ դու ունենում ես գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ, որոնց ախորժակը ինչ-ինչ պայմաների դեպքում կարող է մեծանալ կամ փոքրանալ, և դու սուբսիդավորում ես այդ սուբյեկտների կողմից առաջարկվող ապրանքները կամ ծառայությունները, դու սուբսիդավորում ես ոչ թե բնակչությանը, այլ այդ ընկերությանը»,- ասաց Մանուկյանը:

Նրա կարծիքով, ստեղծված իրավիճակը սոցիալական բունտի չի հանգեցնում համեմատաբար տաք ձմռան պատճառով: Իբրև ելք՝ նա առաջարկում է բնակչությանն ազատել գազի, էլեկտրաէներգիայի և ջրի գծով ավելացված արժեքի հարկի վճարման պարտավորությունից: