Լևոն Մնացականյան․ 2017-ին ադրբեջանական զինուժի ոչ մի գործողություն աննկատ չի մնացել

2017 թվականին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակին հաջողվել է պահպանել խաղաղությունը և Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը: Այդ մասին հայտարարել է ԼՂ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը այսօր Ստեփանակետում կայացած ասուլիսի ժամանակ՝ նվիրված անցած բանակային տարվա արդյունքների ամփոփմանը:

Մնացականյանը վստահեցրել է, որ Պաշտպանության բանակը ի զօրու է կանխել հակառակորդի ցանկացած ոտնձգություն և պատվով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը:

Ասուլիսին, որին, ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ, ներկա էին Հայաստանից ժամանած մի խումբ լրագրողներ և Ղարաբաղում հավատարմագրված զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները, Մնացականյանը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում ադրբեջանական զինուժի իրականացրած սադրիչ գործողությունները, մասնավորապես կանգ առնելով փետրվարի 24-ի լույս 25-ի գիշերը ՊԲ արևելյան և հարավարևելյան ուղղություններով ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձերի վրա, ինչի արդյունքում հակառակորդը չեզոք գոտում թողնելով 5 հատուկ ջոկատայինի դիակ և տարհանելով 3 վիրավոր, հետ է շպրտվել ելման դիրքեր:

Նախարարն անդրադարձել է հակառակորդի անցկացրած զորավարժություններին, առաջնագծում իրականացրած կահավորական աշխատանքներին ու զենքի և զինտեխնիկայի գնումներին, ասված է հաղորդագրությունում:

Ներկայացնելով 2017-ին Պաշտպանության բանակում կատարված աշխատանքները՝ Մնացականյանը նշել է, որ ադրբեջանական զինուժի ոչ մի գործողություն աննկատ չի մնացել, և բանակը ձեռնարկել է համարժեք քայլեր, որոնք այսուհետ ևս թույլ կտան ապահովել ԼՂ ժողովրդի խաղաղ կենսագործունեությունը:

Նախորդ տարվա ընթացքում բանակում կատարված աշխատանքներից Լևոն Մնացականյանն առանձնացրել է դիրքապահների համար առավել անվտանգ ծառայության պայմանների ստեղծումը, մարտական հերթապահությունում ընդգրկված զինծառայողների պատրաստության մակարդակի բարձրացումը, զինվորական կարգապահության բարձրացման ուղղությամբ տարված աշխատանքները, հրետանային և ՀՕՊ համակարգերի կատարելագործումը, շտաբների փոխգործակցության և ներդաշնակման ուղղությամբ կատարված քայլերը, բանակում բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման ուղղությամբ տարված աշխատանքները, նորագույն տեխնոլոգիաների ներդնումը, նոր դիրքերի կահավորումը, դիտարկման համակարգերի կատարելագործումը, ճանապարհային ցանցի զարգացումը, տեխնիկական և թիկունքային ապահովության բարձրացման հարցերը: