Միացյալ Նահանգները Javelin տիպի հակատանկային հրթիռային համալիրներ է տրամադրել Վրաստանին: Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան ասել է, որ հրթիռների առաջին խմբաքանակը տեղ է հասել և գտնվում է ապահով վայրում:
Պաշտպանության նախարարը այդ մասին խոսել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելիի հետ հանդիպումից հետո:
ԱՄՆ դեսպանը և Վրաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը քննարկել են Վրաստանի պաշտպանական համակարգը ամրապնդելու ծրագիրը, որը սկսվելու է այս տարվա գարնանից:
«Մենք ցանկանում ենք, որ Վրաստանը ավելի հաջող լինի, դրա համար պետք է ունենալ պաշտպանական ուժեղ հնարավորություններ՝ զսպելու ագրեսիան և դրսի այն ուժերին, որ կարող են վնաս հասցնել երկրին», - ասել է Քելին:
Իզորիան, հայտնելով Javelin հրթիռները ստանալու մասին, նաև ասել է, որ առաջիկայում վրացի զինծառայողները պետք է ուսուցման փուլ անցնեն, ինչը անհրաժեշտ է այդ հրթիռները օգտագործելու հմտություններին տիրապետելու համար:
Այս հրթիռները համարվում են շարժական ամենահզոր զենքը տանկեր և զրահատեխնիկա ոչնչացնելու համար:
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը անցած նոյեմբերին էր որոշել Վրաստանին Javelin տիպի հակատանկային հրթիռներ վաճառել:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ նման կարգի հրթիռներ Վրաստանին մատակարարելու՝ Պետդեպարտամենտի որոշումը նշանակում է Վրաստանին հրահրել տարածաշրջանում նոր վտանգավոր արկածախնդրությունների դիմելու:
Անցած տարեվերջին Պետդեպարտամենտի որոշումը ստացավ Կոնգրեսի հավանությունը: Վրաստանին զենք վաճառելու գործարքի արժեքը 75 միլիոն դոլար է, Վրաստանը երկու փուլով ստանալու է Javelin-ի 410 հրթիռ, արձակման 72 համակարգ, ինչպես նաև ուսումնական վարժանքների համար նախատեսված 10 համակարգ՝ 70 հրթիռներով:
Օրերս Ադրբեջանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում ասել էր, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը պետք է Հարավային Կովկասում ավելի ակտիվ քաղաքականություն վարի, քան իր նախորդի՝ Բարաք Օբամայի ժամանակ էր: Որպես ամերիկյան քաղաքականության ակտիվացման օրինակ Բրայզան նշել էր Վրաստանին և Ուկրաինային զենք վաճառելու Թրամփի վարչակազմի որոշումը:
ԱՄՆ նոր վարչակազմը նաև որոշել է մահաբեր զենք, մասնավորապես՝ նույն հակատանկային հրթիռներ վաճառել Ուկրաինային՝ ամրապնդելու ուկրաինական բանակը, օգնելու ռուսամետ անջատականների դեմ պայքարում:
Անցած դեկտեմբերին ABC-ն հաղորդել էր, որ Ուկրաինային զենք վաճառելու 47 միլիոն դոլարի գործարքը ներառում է նաև 35 Javelin արձակման համակարգ՝ 120 հրթիռներով:
Անցած շաբաթ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ասել է, որ հրթիռները Ուկրաինա կբերվեն ամերիկյան կողմի ֆինանսավորման օգնությամբ: