Առանց քաղաքական կուրսի փոփոխության Ադրբեջանը չի կարող բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ: Այդ մասին ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեկսը:
«Ադրբեջանը պետք է հավատարիմ լինի այն պարտավորություններին, որ ստանձնել է Եվրոպայի խորհրդին անդամակցելու ընթացքում: Նախևառաջ պետք է կյանքի կոչել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները, օրինակ՝ ազատ արձակելով [REAL շարժման առաջնորդ] Իլգար Մամեդովին։ Ադրբեջանը պետք է փոխհատուցում վճարի այն բոլոր մարդկանց, որոնց հայցերը Եվրադատարանի կողմից բավարարվել են: Ադրբեջանական իշխանությունները չպետք է սահմանափակեն բանտերից ազատ արձակված անձանց իրավունքները` մասնավորաբար, տեղաշարժի և մասնագիտական գործունեությամբ զբաղվելու նրանց կարողությունները», - հայտարարում էր Մուժնիեկսը` կոչ անելով չխոչընդոտել ոչ-կառավարական կազմակերպությունների գործունեությանն Ադրբեջանի տարածքում:
Մուժնիեկսը հատուկ ընդգծում էր, որ եվրոպական կառույցների և պաշտոնական Բաքվի հարաբերություններին խոչընդոտող գործոններից ևս մեկը լրագրող Աֆղան Մուխթարլիին վեց տարվա ազատազրկման դատապարտելու՝ ադրբեջանական դատարանի օրերս կայացրած վճիռն էր:
«Դա սարսափելի դատավճիռ էր, որը ես խստորեն դատապարտում եմ: Ես դատապարտում եմ նաև Մուխթարլիի` Թբիլիսիում տեղի ունեցած առևանգումը, և կոչ են անում Վրաստանի իշխանություններին՝ հետաքննել, թե ինչպես այդ ամենը հնարավոր դարձավ: Այս պատմության մեջ վատթարագույնը հայտնի հետաքննող լրագրող Մուխթարլիի ճակատագիրն է, որին թվում էր, թե ինքը Վրաստանի տարածքում ապահովության մեջ է, սակայն դա, փաստորեն, այդպես չէր: Այս ողջ պատմությունից նաև պարզ դարձավ, որ ադրբեջանական իշխանությունները վարչակազմի քննադատների հետապնդման հարցում չեն սահմանափակվում երկրի սահմաններով», - նշում էր Եվրախորհրդի մարդու իրավունքների գծով հանձնակատարը: