Ռուսական զենքի հերթական խմբաքանակի մատակարարումն Ադրբեջանին չի ապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում, պնդում է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։ Վերջինիս կարծքով, թեև հարևան պետությունը վարում է ապակառուցողական քաղաքականություն, սակայն զենքի վաճառքի պատճառով չի կարելի վատթարացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ։
«Այո, կան երևույթներ, որոնք չի կարելի ողջունել․ նույն այդ զենքի վաճառքը և այլն, բայց ավելի մեծ աշխատանք է տարվում հավասարակշռությունը պահելու համար: Հետո երբևէ չպետք է մոռանանք, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան երբեք չեն կարող լինել Ռուսաստանի դաշնակիցը: Նրանք միշտ էլ մրցակից երկրներ են»,- «Ազատությանն» ասաց Դավիթ Բաբայանը:
Ինչպես հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հունվարի 19-ին Բաքվի նավահանգիստ է հասել ռուսական արտադրության ժամանակակից սպառազինության հերթական խմբաքանակը։ Ըստ այդ հաղորդագրության՝ զենքի այս տեսակը «հաջողությամբ կիրառվել է» 2016 թվականի ապրիլի մարտական գործողությունների ժամանակ, և նոր խմբաքանակի մեծ մասը դարձյալ փոխանցվելու է առաջնագծի ռազմական ստորաբաժանումներին։
Դավիթ Բաբայանը, սակայն, վստահ է՝ եթե որևէ պահի Ադրբեջանը վստահ լինի, որ ուժային առավելությունն իր կողմն է, ապա պատերազմն կսկսի: Բայց նման վտանգ, ըստ ԼՂ նախագահի աշխատակազմի ներկայացուցչի, այժմ չկա։ Բաբայանը նաև շեշտում է՝ ի տարբերություն մյուս երկներների, որոնք զենք են վաճառում Ադրբեջանին, Ռուսաստանը, որպես Մինսկի խմբի անդամ, պետք է այնպես անի, որ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն պահպանվի։ Նկատենք՝ Ռուսաստանը Մինսկի խմբի երեք համանախագահ երկրներից միակն է, որը հարձակողական սպառազինության մեծածավալ մատակարարումներ է իրականացնում ղարաբաղյան հակամարտության գոտի:
«Ամենահուսալի ձևերից մեկն այն է, որ այնպես անել, ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որ կարմիր գիծը չհատի: Եվ, բնական է՝ նաև հավասարակշռությունը պահպանելու համար համարժեք, գուցև ավելի հզոր զենքի մատակարարումը Հայաստանին, որպես ռազմական գործընկերոջ: Ներկա դրությամբ, ռազմաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում լրիվ պահպանվում է»,- շարունակեց ԼՂ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը :
Մինչդեռ անկախ փորձագետները հայտարարոմ են՝ նորմալ երևույթ չէ, երբ միջնորդը, որը պետք է աջակցի հիմնախնդրի լուծմանը, ռազմականացնում է տարածաշրջանը: Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նշում է՝ Ռուսաստանը միջնորդի իր դերը լիարժեք չի կատարում, և հայաստանյան վերնախավը պետք է հստակորեն իր անհամաձայնությունը հայտնի այդ հարցում։ «Մեր գլխավոր պրետենզիաները Ռուսաստանի հանդեպ կապված են այդ երկու գործոնների հետ՝ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է ու մեծ քանակությամբ զենք է ծախում Ադրբեջանին: Կարող է ծախել, նայած թե ինչ տեսակի, բայց մենք տեսնում ենք ծանր զենքեր: Երկրորդը՝ միջնորդ երկիրն, այնուամենայնիվ, այսպիսի դեր չպետք է ունենա»,- պնդում է քաղաքագետը:
Ադրբեջանի քաղաքանությունը հիմնված է նախապայմանների վրա, որն այդպես էլ չի փոխվում՝ նկատում են փորձագետները։ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը նշում է՝ նման իրավիճում մնում է ունենալ այնպիսի այլընտրանք, որը կկանխի Ադրբեջանի ցանկացած նախահարձակ գործողությունը։ Հայաստանը խաղի կանոններ պետք է փոխի՝ ընդգծում է Աժ նախկին պատգամավորը․ «Խնդիրը զենքի մեջ չի, որովհետև դա քաղաքական որոշում է՝ գնալ սրացման: Մենք պետք է ունենանք պատրաստականություն, առաջինը՝ ունենանք նոր տեսակների հակազենքը, որ կարողանանք [հակառակորդի] դեմն առնել: Երկրորդ՝ պետք է այնպիսի իրավիճակ ձևավորենք, որ ցանկացած սրացման դեպքում այնպիսի պատասխան լինի, որ ինքը [Ռուսաստանը] մոռանա սրացման քաղաքական որոշում կայացնելու՛ մասին, ոչ թե զենքի վաճառքի մասին»:
Ըստ «ՌԻԱ Նովոստի» գործակալության, մինչ օրս Ռուսաստանը և Ադրբեջանը սպառազինության վաճառքի՝ մոտ 5 միլիարդ դոլար արժողության պայմանագրեր են կնքել: Իլհամ Ալիևն էլ օրեր առաջ հայտարարել է, որ երկու երկրներն այժմ բանակցում են սպառազինության նոր խմբաքանակի գնման շուրջ: